Այսօր՝ փետրվարի 1-ին, ՀՀ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ հանրապետական մարմինների անցած տարվա կատարած աշխատանքների, գերակա ծրագրերի ու և 2018թ. միջոցառումների հրապարակայնության խնդրին:

«Ներկայումս մեր կողմից ուսումնասիրվում են Հանրապետական գործադիր մարմինների 2017 թվականին կատարված աշխատանքները, գերակա խնդիրների եւ միջոցառումների ծրագրերի իրականացման արդյունքները, ինչպես նաեւ 2018 թվականի համար նախատեսված միջոցառումները»,- ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Հաշվի առնելով հանրության հետ հետադարձ կապի եւ հաշվետվողականության կարեւորությունը, վարչապետը հանձնարարեց 20-օրյա ժամկետում հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին եւ մարզպետներին՝ ըստ ոլորտի հանրությանը ներկայացնել 2017 թվականին նախաձեռնած բարեփոխումների, ներդրումային ծրագրերի, միջոցառումների եւ գերակա խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ, ինչպես նաեւ 2018 թվականի համար նախատեսված միջոցառումների ծրագրերը, կատարման հստակ ժամկետները եւ ակնկալվող արդյունքները։

«Կարծում եմ՝ պարզ ձեւակերպված է. թվեր, մաքսիմալ թվեր, մաքսիմալ կոնկրետ հաշվետվողականություն»,-նշեց Կարեն Կարապետյանը: