ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ փետրվարի 1-ին, Կառավարության նիստի սկզբում արգելանքի հետեւանքով մաքսազերծման խոչընդոտների վերացման վերաբերյալ հանձնարարականներ տվեց:

Նրա խոսքով, իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են ապրանքների մաքսազերծման խափանման դեպքեր, որոնք պայմանավորված են եղել ֆիզիկական կամ իրավաբանական անձի գույքի վրա արգելանքի առկայությամբ:

Կարեն Կարապետյանը Արդարադատության նախարարությանը եւ ՊԵԿ-ի նախագահին հանձնարարեց 20-օրյա ժամկետում համատեղ մշակել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել անձի գույքի կամ դրամական միջոցների արգելանքի առկայության դեպքում ապրանքների մաքսազերծման խոչընդոտների վերացմանն ուղղված առաջարկություններ:

«Իրականում, անհասկանալի է, եթե մարդը ապրանք է ներմուծում Հայաստան եւ ունի արգելանք իր հաշվի վրա, ինչո՞ւ ենք մենք իրեն այդ հարցում սահմանափակում, եթե դա է հնարավորությունը նույն այդ պարտավորությունները կատարելու համար: Համենայնդեպս, մի հատ նայեք, կարծում եմ, այնտեղ խնդիր ունենք», - ասաց վարչապետը: