ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ փետրվարի 1-ի կառավարութան նիստին իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործունեության վերաբերյալ հանձնարարական ներկայացրեց: Նա նշեց, որ իրավաբանական անձանց պետական գրանցման ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում համապատասխան գրանցումը իրականացվում է սեղմ ժամկետներում եւ հիմնականում առցանց եղանակով:

«Նշվածի հետ զուգահեռ անհրաժեշտ է պարզեցնել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի որոշումների հիմքերը, բացառել տարբեր մարմինների կողմից տնտեսվարողներից լիցենզիայի պատճենը պահանջելու պրակտիկան, ընդլայնել թվային գործիքների հասանելիությունը եւ դրանց շրջանակը»,-ասաց վարչապետը

Ելնելով վերոնշյալից՝ ՀՀ վարչապետը Արդարադատության նախարարին հանձնարարեց 2-ամսյա ժամկետում մշակել իրավաբանական անձանց գրանցման վերակազմակերպման, մերժման հիմքերի, լուծարման եւ այլ լիազորությունների իրացման ոլորտի պարզեցման, փակ բաժնետիրական ընկերությունների գրանցման ժամկետների լրացուցիչ նվազեցմանն ուղղված առաջարկություններ եւ ներկայացնել կառավարության աշխատակազմ: Կարեն Կարպետյանը կոչ արեց ընդլայնել առցանց եղանակով ծառայությունների մատուցման շրջանակը:

Վարչապետը արդարադատության նախարարին հարցրեց. «Պարոն Հարությունյան, երկու ամիսը շատ չի՞», ինչին Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Պարո՛ն վարչապետ, դա պահանջում է ծրագրային լուծումներ, փորձարկում, այնպես որ 2 ամիսը շատ չէ»:

Վարչապետը նաեւ տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարեց տասնօրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից պետական մարմիններ, այդ թվում՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստր դիմումներ ներկայացնելիս էլեկտրոնային ստորագրության կիրառման գործիքակազմի վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծ: