Հայաստանը հրաժարվում է «օֆշորային գոտի» տերմինից: Ուղղումը կկատարվի կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի որոշման մեջ: Որոշման համապատասխան նախագիծը հավանություն ստացավ կառավարության փետրվարի 1-ի նիստում: Նախագիծը ներկայացրեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նա նշեց, որ օֆշորային գոտիներով երկրների ցուցակը կվերանվանվի «հարկման լիբերալ համակարգով երկրների (աշխարհագրական տարածքների) ցուցակ» կամ «ոչ խելամիտ արտոնյալ հարկային ռեժիմով երկրների ցուցակ»: Նոր տերմինն արդեն մտցվել է Հայաստանի Հարկային օրենսգրքի մեջ, որն ուժի մեջ է մտել 2018-ի հունվարի 1-ից:

«Խնդիրն այն է, որ այս որոշմամբ երկրների ցուցակ է կազմվել, որոնք պայմանականորեն կոչվել են «օֆշորային գոտիներ»: Սակայն այս տերմինը հարուցել է հանրության եւ Լյուքսեմբուրգի գործընկերների տարակուսանքը: Նրանք մասնավորապես հարցնում են, թե ինչու են հայտնվել «օֆշորային գոտիների»  ցուցակում»,- նշեց նախարարը՝ շարունակելով, որ խոսքն ուղղակի իմաստով օֆշորային գոտիների մասին չէ, այլ ոչ խելամիտ հարկային արտոնությունների:

Վարդան Արամյանը հայտնեց, որ ցուցակը լրացվել է նոր երկրներով եւ աշխարհագրական տարածքներով՝ Ամերիկյան Սամոա, Թունիս, Հարավային Կորեա, Մոնղոլիա, Նամիբիա, Տրինիդադ եւ Տոբագո, որոնք ԵՄ-ի կողմից արդեն ճանաչվել են հարկային լիբերալ կամ ոչ խելամիտ արտոնյալ հարկային ռեժիմով երկրներ: