Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին  օրենքի փոփոխություններն ու հարակից օրինագծերի փաթեթը այսօր՝ փետրվարի 1-ին կառավարության նիստում երկրորդ անգամ էր քննարկվում:

Հարցը ներկայացնող ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ այս փաթեթն ընդունվել է նախկինում կառավարության կողմից, ուղարկվել էր ԱԺ, բայց նախորդ գումարման ԱԺ-ի ընթացքում չեն հասցրել քննարկել, ուստի հետ է վերադարձվել Կառավարություն ու հիմա նորից նույն փաթեթը պետք է հաստատվի եւ ուղարկվի խորհրդարան:

Ըստ Շաբոյանի, օրինագծի հիմնական նպատակն է՝ մի կողմից համապատասխանեցրել Հայաստանի օրենսդրությունը ԵՏՄ մրցակցության օրենսդրության պահանջներին, մյուս կողմից հաշվի են առնվել Համաշխարհային բանկի եւ ԵՄ-ի առաջարկները:

«Այս փաստաթղթի մասով պարտավորություն ունենք ԱՄՀ-ի նկատմամբ: Փաթեթով հստակեցվել ու լրացվել են հակամրցակցային համաձայնությունների, գերիշխող դիրքի չարաշահումների, անբարեխիղճ մրցակցությն դրսեւորումների սահմանումները լրացվել են նաեւ ապրանքային նշանների օգտագործման միջոցով անբարեխիղճ մրցակցության դեպքերը: Որպես օրենքի խախտում են սահմանվել տնտեսվարողների եւ պետական մարմինների պաշտոնատար անձանց միջեւ պայմանավորվածությունները եւ այդ հակամրցակցային  համաձայնությունների համար սահմանվել են պատասխանատվության միջոցներ, նաեւ փոփոխվել են պատասխանատվության միջոցների սահմանման մեթոդաբանական մոտեցումները:

Եթե ներկայումս պատասխանատվության միջոցները բացարձակ մեծություններով են սահմանվել, ապա այս փաթեթում դրանք նախատեսվում է սահմանել տոկոսներով՝ կախված տնտեսվարողի հասույթի չափից»,-ընդգծեց Շաբոյանը:

Նա տեղեկացրեց, որ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ պայմանավորվել են եւս մեկ անգամ քննարկել փաթեթը, այդ պատճառով խնդրեց եւս երկու օր ժամանակ տրամադրել:

Ի պատասխան վարչապետ Կարեն Կարապետյանը ժպիտով նկատեց. «Այն օրենքները, որոնք մենք հիմա արագ անում ենք, ու իրականում ֆունդամենտալ օրենքներ են, 3 օր, 5 օրը հասկանալի է: Այս օրենքը մի անգամ գնացել է ԱԺ եկել է, մի անգամ էլ է գնալու, գա ու էլի 2 օրը պետք է չէ՞»: