Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն եւ «Մոբիդրամ» ՓԲԸ-ն («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ դուստր ընկերություն) դարձան Հայաստանի պետական կառույցների սպասարկման գրասենյակների օպերատորներ: Համապատասխան որոշումը հավանություն ստացավ կառավարության փետրարի 1-ի նիստում: Որոշման նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Նա տեղեկացրեց, որ ներկայումս 7 օպերատոր կա, սպասարկման 89 գրասենյակ, որոնց միջոցով բնակչությանը տրամադրվում է 67 տեսակի ծառայություն: «Այս ծառայություններից 10-ն առավել պահանջված են: Դրանք կազմում են պետական կառույցների տրամադրած ծառայությունների ընդհանուր թվի 95 տոկոսը: Այս պատճառով հասունացել է օպերատորների ցանցի ընդլայնման անհրաժեշտությունը»,- պարզաբանեց նախարարը: Նա հավելեց, որ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն 38 գրասենյակ ունի, իսկ «Մոբիդրամ» ընկերությունը՝ 26: «Սա նշանակում է, որ սպասարկման գրասենյակնրեի թիվը 64-ով կավելանա, ինչը կմեծացնի  բնակչությանը պետական կառույցների տրամադրած ծառայությունների հասանելիությունը»,- նշեց նախարարը: