Հայաստանում անապահով ընտանիքների գնահատման մեջ կներառվի չափահաս անդամների վարկային պատմությունը: Համապատասխան որոշման նախագիծը կառավարության հավանությունը ստացավ փետրվարի 1-ի նիստում: Նախագիծը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նրա խոսքով՝ հետազոտություններով պարզվել է, որ անապահով ճանաչված ընտանիքների չափահաս տարիքի հասած անդամները հաճախ ոչ պաշտոնական եկամուտներ են ունենում: «Սրա հետ կապված առաջարկվում է ընտանիքների անապահովության բնութագրերի մեջ ավելացնել ընտանիքի 18 տարեկան դարձած անդամների վարկային պարտավորությունների եւ խնայողությունների մասին տեղեկությունները»,- նշեց նախարարը:

Վարկային պարտքի կամ ժամկետանց պարտավորության մասին տեղեկությունները կստացվեն ԱՐԿԱ վարկային բյուրոյից՝ ընտանիքի բոլոր չափահաս անդամների համաձայնությամբ: