Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիան արձագանքել է NEWS.am-ում հրապարակված Արարատի մարզի բնակիչ ֆերմեր Ալիկ Պետրոսյանի՝ ՀՀ վարչապետին ուղղված բաց նամակին, որտեղ վերջինս անդրադարձել էր փոքր ու միջին բիզնեսին աջակցելու խնդրին:

Հայաստանի Զարգացման եւ Ներդրումների Կորպորացիայի պարզաբանման մեջ ասվում է.

«Արարատի մարզի Բերքանուշ գյուղի բնակիչ Ալիկ Պետրոսյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ՀՀ-ում վարկային ռեսուրսների անհասանելիության վերաբերյալ՝ նշելով, որ վարկ ստանալու ակնկալիքով դիմել է Հայաստանի Զարգացման եւ Ներդրումների Կորպորացիա, սակայն մերժում է ստացել:

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի Զարգացման եւ Ներդրումների Կորպորացիան տրամադրում է ձեռնարկատիրական վարկեր, իսկ Ալիկ Պետրոսյանը չի հանդիսանում գրանցված ձեռնարկատեր, այնուամենայնիվ Հայաստանի Զարգացման եւ Ներդրումների Կորպորացիան ընդառաջել եւ իրականացրել է ուսումնասիրություն՝ հաշվի առնելով, որ Ա. Պետրոսյանը պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորման հնարավորության դեպքում գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Ալիկ Պետրոսյանն ունի ստանձնած վարկային պարտավորություններ ֆինանսական համակարգի նկատմամբ, որոնք սպասարկվում են ջերմոցից ստացված, ինչպես նաեւ անձնական այլ եկամուտների հաշվին: Նշված եկամուտները բավարարում են միայն առկա վարկային պարտավորությունները սպասարկելուն եւ չեն տալիս հնարավորություն սպասարկել լրացուցիչ վարկային պարտավորություններ:

Ինչպես նշել է նամակի հեղինակը՝ ցանկացած ոլորտում եւ ուսումնասիրվող ծրագրերում առկա է որոշակի ռիսկի գործոն: Իրականացվող ֆինանսական ուսումնասիրության նպատակն է գնահատել ռիսկի մակարդակը՝ արդյունքում ֆինանսավորելով ռիսկի կառավարելի մակարդակ ունեցող ծրագրեր: Հակառակ պարագայում, ֆինանսավորումը կհանդիսանա լրացուցիչ վարկային բեռ տնտեսվարողի համար եւ հնարավորություն չունենալով սպասարկել ստանձնած պարտավորությունները՝ կվատթարանա վերջինիս ֆինանսական վիճակը, վարկային պատմությունը, միեւնույն ժամանակ պատճառ կհանդիսանա անվճարունակության եւ սնանկացման:

Այսուհանդերձ, Հայաստանի Զարգացման եւ Ներդրումների Կորպորացիան Ալիկ Պետրոսյանի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն՝ վերջինիս կողմից որպես գրանցված ձեռնարկատեր սեփական միջոցների հաշվին ջերմոցը վերապրոֆիլավորելուց եւ մեկնարկելուց հետո դիտարկել ջերմոցային տնտեսության հետագա զարգացման ֆինանսավարման հնարավորությունը»:

Իսկ մեր երկրում կա՞ մի ոլորտ, որը ռիսկային չէ փոքր բիզնեսի համար. անհատ ֆերմերի բաց նամակը՝ ՀՀ վարչապետին