«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն օրերս մի զեկույց հրապարակեց: Զեկույցում ընդգրկված էին Ռուսաստանի գործարար ու քաղաքական դաշտի այն ներկայացուցիչները, որոնք կարող են ապագայում հայտնվել հնարավոր պատժամիջոցների տակ: «Կրեմլյան զեկույցում» 210 անձ է ներառվել՝ այդ թվում հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը եւ Սերգեյ Գալիցկին:

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ ցանկը նախազգուշական է:

«Այն հոգեբանական որոշակի պրեսինգի նպատակ ունի: Այսինքն՝ ցույց տալ, որ բոլոր մարդիկ, ովքեր ընդգրկված են այդ ցուցակում, ուղղակիորեն կապված լինելով Վ. Պուտինի վարչախմբի հետ, փորձեն հնարավորինս վերանայել իրենց գործունեությունն ու մոտեցումները: Այդ մարդիկ այժմ նման են շարժվող թիրախների: Թեեւ նրանց նկատմամբ սանկցիաներ չեն կիրառվում, բայց ցանկացած պահի կարող են վերածվել թիրախի, որոնց հանդեպ կարող են կիրառվել այդ սանկցիաները՝ սկսած ԱՄՆ մուտքի արգելքից, վերջացրած ակտիվների սառեցմամբ: Այդ թվում կարող են խնդիրներ լինել արեւմտյան բանկային եւ վարկային ռեսուրսների մատչելիության առումով: Կարող են արգելել իրենց հետ առհասարակ գործարքներ կնքել: Իսկ եթե սանկցիաներից հետո գործընկեր կազմակերպությունները նրանց հետ գործ ունենան, իրենք եւս պատժամիջոցների կենթարկվեն»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ դեռ վաղ է ասել, թե վերոնշյալը որքանով կազդի ՀՀ–ի վրա. «Բայց պարզ է, որ ՀՀ–ի տնտեսությունը, իշխանությունները բավականին սերտաճած են ՌԴ–ի որոշ տնտեսական շրջանակների հետ: Այդ ցուցակում գտնվող որոշ տնտեսվարողների, օլիգարխների գործունեության նկատմամբ եւս հետաքրքրություններ ունեն: Կան մարդիկ, ովքեր ծրագրում են ՀՀ–ում ներդրումներ իրականացնել: Եթե սանկցիաներ եւ կապիտալի սառեցում լինի, եւ նրանք ֆինանսական ռեսուրսների պակաս զգան, բնականաբար, այդ փաստն իր ազդեցությունը կունենա:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում