«Փաստ» օրաթերթը գրում է.

Գնաճը չի շրջանցել նաեւ կաթնամթերքի շուկան: Թանկացել է պանիրը: Աշոցքի պանրի գործարանի արտադրանքի գինը տարեսկզբից 10%–ով բարձրացել է: Ընկերության տնօրեն Գեորգի Բաղդասարյանը թանկացման պատճառներն է թվում:

«Մոտ 40%–ով կաթի մթերման գինն է ավելացել, ինչն արտադրանքի վրա ազդել է: Այսօր կաթը քիչ է արտադրվում՝ կովերի 10–12%–ն է կաթ տալիս: Կաթի թանկացումը բերել է պանրի գների աճին»,– «Փաստ»–ի հետ զրույցում պարզաբանեց տնօրենը:

Գործարանը կաթի լիտրը գյուղացուց 180–190 դրամով է գնում: Նախորդ տարի այս ժամանակաշրջանում ավելի էժան էին գնում: Թանկացման պատճառը ոչ միայն արտադրության ծավալների պակասն է:

«Անասնակերը՝ խոտը, գյուղացին թանկ է գնել, որի հետեւանքով իր արտադրանքը բարձր գնով է վաճառում: Եթե այսպես շարունակվի, գնաճ կլինի: Իմ ենթադրություններով պանիրը կրկին կթանկանա, եթե կաթի արտադրության ծավալների եւ մթերման գնի փոփոխություն չլինի»,– նկատեց արտադրողը:

Անդրադառնալով կարագի գներին` նա ասաց, որ տեղական արտադրության կարագի ծավալները քիչ են, դրսից ներկրվածն էլ բարձր գներով է սպառվում:

Արագածոտնի մարզում կաթի մթերման գինը 190–200 դրամի սահմաններում է տատանվում: Գնորդներից մեկը Ապարանի պանրի գործարանն է: Գներից ելնելով` առայժմ պանիր չեն արտադրում, իսկ կաթնամթերքը չեն թանկացրել: Տնօրեն Տիգրան Հովհաննիսյանի խոսքով, սակայն, գների բարձրացումն անխուսափելի է:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում