Վերջին 24 ժամում բիթքոինի արժեքը ավելի քան 14 տոկոսով նվազել է եւ այսօր կազմել է 8700 դոլարից մի փոքր ավելի, վկայում են CoinMarketCap պորտալի տվյալները:

Վերջին անգամ բիթքոինի արժեքը 9 հազար դոլարից նվազել էր 2017 թվականի նոյեմբերի 25-ին: Իսկ ռեկորդային փոխարժեք էր ունեցել դեկտեմբերին՝ ավելի քան 20 հազար դոլար, փոխանցում է Newsru-ն:

Նշենք, որ հիմա բիթքոինի հետ միասին արժեզրկվում են նաեւ մյուս կրիպտոարժույթները: CoinMarketCap-ի տվյալների համաձայն՝ 100 առաջատար կրիպտոարժույթներից վերջին օրերին աճ է գրանցել միայն DigixDAO-ն, որը թանկացել է 38 տոկոսով՝ հասնելով մինչեւ 328 դոլարի:

Հիշեցնենք, որ օրերս Facebook-ն արգելել էր կրիպտոարժույթի գովազդը՝ վախենալով, որ այն օգտատերերին վնաս կհասցնի: