Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ փետրվարի 2-ին, Ալմաթիում հանդիպել է Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկու պետությունների գործադիր մարմինների ղեկավարները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների օրակարգը եւ փոխգործակցության զարգացման հեռանկարները:

ՀՀ վարչապետը գոհունակությամբ նշել է, որ անցած տարվա առաջին 11 ամիսներին, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ աճել է 20 տոկոսով: Կողմերը համակարծիք են եղել, որ առկա է հարաբերությունների խորացման մեծ ներուժ եւ պետք է պահպանել ու խթանել դրական միտումները:

Կարեն Կարապետյանը Բելառուսի իր գործընկերոջը ծանոթացրել է անցած տարվա նոյեմբերին հայ-իրանական սահմանին բացված Ազատ տնտեսական գոտու հնարավորություններին՝ նշելով, որ այն կարող է հետաքրքիր լինել բելառուսական բիզնեսի եւ հատկապես՝ գյուղատնտեսական ոլորտի ընկերությունների համար:

Քննարկվել են տարբեր բնագվառներում, մասնավորապես՝ անասնաբուծության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները: Այս տեսանկյունից կարեւորվել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը:

Հանդիպմանն  անդրադարձ է կատարվել  նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի: