Երեւանում հասարակական տրանսպորտի բարեփոխումներըն վարորդների կրճատման առիթ չեն դառնա: Այս մասին փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երեւանի հասարակական տրանսպորտի բարեփոխման աշխատանքային խմբի ղեկավար, փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը:

Նա հիշեցրել է, որ հունվարի 18-ին կայացել է խմբի՝ այս տարվա առաջին հանդիպումը, եւ ներկայացվել է հասարակական տրանսպորտի ցանցի փոփոխությունների նախագիծը: «Այսօր մենք այն ցանկանում ենք ներկայացնել հանրությանը»,- նշեց փոխքաղաքապետը: Նրա խոսքով՝ խնդիրն այս ցանցի օպտիմալացումն է եւ ֆինանսական առումով այն առավել ընդունելի դարձնելը:

Նոր ցանցը բացառում է երթուղիների կրկնությունը, բոլոր երթուղիները կլինեն հավասար որակով, ընդհանուր առմամբ կլինի 42 երթուղի: Ծրագրի համաձայն՝ երթուղիները կընդգրկեն քաղաքի ամբողջ տարածքը: Այսինքն, երթուղիները միմյանց հաջորդական շարունակությունը կլինեն: Երթուղային տաքսիներ այլեւս չեն լինի, դրանց փոխարեն 939 ավտոբուս եւ 111 տրոլեյբուս կհայտնվի: Փոխքաղաքապետը համաձայն չէ այն կարծիքի հետ, որ խոշոր ավտոբուսները պարզապես չեն տեղավորվի Երեւանի նեղ փողոցներում: Նրա խոսքով՝  ավելի նեղ փողոցներով այլ քաղաքների փորձը հակառակն է ցույց տալիս: «Եվ ամենակարեւորը՝ անհրաժեշտ է ներդնել ճանապարհային երթեւեկության այլ մասնակիցների հարգանքը հասարակական տրանսպորտի հանդեպ»,- նշեց Նիկոյանը: Ընդ որում, նա նկատեց, խոսքը դեռ նախագծի մասին է, եւ յուրաքանչյուր երթուղի կմշակվի առանձին, եւ եթե գործնականում դժվարություններ առաջանան, դրանք ժամանակին կվերացվեն:

Ըստ նախագծի՝ հասարակական տրանսպորտը կսկսի աշխատանքը կես ժամ ավելի շուտ՝ 7-ի փոխարեն ժամը 6:30-ին: Ինտերվալներն ավելի կարճ կդառնան, կանգառում սպասման ժամանակը միջինում 3 րոպե կլինի: Փոխքաղաքապետի հավաստիացմամբ՝ տրանսպորտը կերթեւեկի ժամանակացույցով: Ուղեվարձը կախված չի լինի տեղփոխումների քանակից: Սակայն կավելանա այն, թե ոչ՝ դեռ պարզ չէ: «Այս հարցը մեր առաջնահերթություններից մեկն է», - հավաստիացրեց փոխքաղաքապետը:

Ղեկին ծխելու պահանջը կխստացվի: Լավ նորություն. վարորդների կրճատման մասին խոսք չկա, քանի որ, ըստ բարեփոխման նախագծի, յուրաքանչյուր տրանսպորտային միջոց 2 վարորդ կունենա, այնպես որ հնարավոր է նույնիսկ նոր աշխատատեղերի ստեղծում:

Ինչպես նշեց Վահե Նիկոյանը, ըստ նախնական տվյալների, մայրաքաղաքի բնակիչների 40 տոկոսը առանց տեղփոխումների կերթեւեի, մոտ 30 տոկոսը՝ 1 տեղփոխումով, մնացածը՝ 2: