Ալմաթիում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիջան Սագինտաեւի հետ:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարեն Կարապետյանը նշել է, որ համատեղ աշխատանքի շնորհիվ անցած տարվա առաջին 11 ամիսների ընթացքում, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 51.2 տոկոսով: Երկու երկների վարչապետները համակարծիք են եղել, որ այժմ անհրաժեշտ է շարունակել ջանքեր գործադրել այդ ցուցանիշները բարելավելու եւ տնտեսական կապերն էլ ավելի խորացնելու  ուղղությամբ:

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ երկու երկրներում էլ կան բազմաթիվ հեռանկարային նախագծեր, որոնք կարելի է իրականացնել համատեղ եւ փոխշահավետ պայմաններով:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տեղեկատվական տեխնոլոգիաների,  գյուղատնտեսության, հանքարդյունաբերության ոլորտներում փոխգործակցության, ինչպես նաեւ համատեղ ծրագրերի իրականացման հարցերին:

Կարեն Կարապետյանը նաեւ գործընկերոջը տեղեկացրել է Մեղրիում բացված Ազատ տնտեսական գոտու հնարավորությունների մասին՝ ընդգծելով, որ այդ, ինչպես նաեւ այլ արտոնյալ առեւտրային ռեժիմների առկայությունը լավ հնարավորություն է ընձեռում Հայաստանի միջոցով այլ խոշոր շուկաներ մուտք գործելու համար: