Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը հանդես է եկել «Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման մասին» իրավական ակտ ընդունելու նախաձեռնությամբ:

«Երկիր Ծիրանիի» տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանում շուրջ քառորդդարյա բռնակալական համակարգի (որին հայ ազգը մինչ օրս չի տվել քաղաքական եւ իրավական գնահատական) արյունոտ եւ ցինիկ դրսեւորումը 2008 թվականի մարտի 1-ի ոճրագործությունն էր, որը խլեց 10 մարդու կյանք, հարյուրավորները՝ վիրավորվեցին, հանիրավի ազատազրկվեցին: Բռնակալական համակարգը կարիք ունի համապարփակ դատապարտման՝ որպես անպատժելիության դեմ առաջադեմ քաղաքակրթության պատասխան:

Որպես 2008 թվականի մարտի 1-ի ոճրագործության դատապարտման, 10 զոհերի հիշատակը հավերժացնող եւ բռնակալական քառորդդարյա համակարգի դատապարտման խորհրդանիշ՝ Երեւանում պետք է կանգնեցնել հուշարձան: Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը ներկայացրել է նման նախագիծ՝ հուշարձանի տեղադրման վայր առաջարկելով Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի ետնամասում գտնվող այգին:

Երեւանի ավագանու որոշման նախագիծը Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման մասին

Ղեկավարվելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության  կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով, ինչպես նաեւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական եւ հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» N 551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը՝

Երեւան քաղաքի ավագանին որոշում է.

Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի ետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Մովսես Խորենացու եւ Գրիգոր Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգում հուշարձան տեղադրելու մասին»: