Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագիրը հավանության է արժանացել ՀՀ կառավարության  արձանագրային որոշմամբ:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրի շրջանակներում  տարեկան առավելագույնը մինչեւ 12% անվանական տոկոսադրույքով տրամադրվող նպատակային վարկերի մինչեւ 9%-ային կետին համարժեք մասը (գումարը) սուբսիդավորվել է, եւ վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմել է 3%: Ծրագրի շրջանակում տրամադրվող սուբսիդավորման ենթակա վարկերը նպատակաուղղվել են բացառապես մթերվող բերքի արժեքի վճարմանը: Ծրագրից կարող էին օգտվել պտուղ-բանջարեղեն եւ խաղող վերամշակող ընկերությունները: Պիլոտային ծրագրի շրջանակում տրամադրվող վարկային պորտֆելը նախատեսվել էր  շուրջ 2.4 մլրդ դրամ, յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը 150 մլն դրամ:

Ծրագրին մասնակցելու համաձայնություն են տվել ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ, Ամերիաբանկը, Արարատբանկը, Արդշինբանկը, Արմսվիսբանկը, Ինեկոբանկը, Կոնվերսբանկը,  Հայբիզնեսբանկը,  Հայէկոնոմբանկը, Պրոմեթեյ բանկը, Բիբլոս Բանկ Արմենիա եւ ՎՏԲ Հայաստան բանկերն ու ՓՄՁ ներդրումներ եւ Քարդ ԱգրոԿրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպությունները:

Ըստ ՀՀ ԿԱ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» ՊՀ-ի կողմից ներկայացված վերջին հաշվետվության՝ 2017 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ բանկերի կողմից հաստատվել են 19 ընկերության («Պռոշյանի կոնյակի գործարան», «Արարատի գինու գործարան», «Աքուիլա», «Տրինիտի», «Գետնատուն», «Մաթեւոսյան վայն», «Վայք գրուպ», «Վան ֆուդ», «Արեգակ կոնյակի գործարան», «Արթուր եւ Էդիտա», «Մարան», «Արմենիա վայն» գործարան» եւ «Գուրմանե» ՍՊԸ-ներ, «Եվրոթերմ», «Թամարա ֆրութ», «Սակի ընդ սանս» եւ «Սիս նատուրալ» ՓԲԸ-ներ, «Արտաշատի պահածոների գործարան» եւ «Երեւանի շամպայն-գինիների գործարան»  ԲԲԸ-ներ) վարկի տրամադրման դիմումները՝ 1310.9 մլն դրամի չափով, որոնց շրջանակներում գյուղացիական տնտեսությունների հետ կնքվել են  թվով 919 բերքի գնման պայմանագրեր:

Ծրագրից օգտվել են ՀՀ Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Լոռու, Տավուշի ու Վայոց ձորի մարզերում եւ Երեւան քաղաքում տեղակայված պտուղ-բանջարեղեն եւ խաղող վերամշակող ընկերություններ:

Նախատեսվում է ծրագիրը վերը նշված պիլոտային ծրագրի պայմաններով, ավելի ընդլայնված ծավալներով շարունակել 2018թ-ին եւ հա­ջորդ տարիներին: ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 53 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը: 2018թ-ից սկսած ծրագրի վարկային պորտֆելը կկազմի շուրջ 18.0 մլրդ դրամ, իսկ յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը՝ մինչեւ 1.0 մլրդ դրամ: