2017-ին, նախորդ տարվա համեմատ՝ բնակարանների առուվաճառքի գործարքների թիվն աճել է 23.7 տոկոսով: Այս մասին նշված է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, որտեղ ներկայացված են համակարգված դիտարկումների արդյունքները:

Ըստ այդմ, 2017 թվականին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումների քանակը` 186585 միավոր, 2016 թվականի համեմատ աճել է 7.5 %-ով, այդ թվում Երեւանում` 8.7 %-ով, իսկ մարզերում` 6.8 %-ով:

2017 թվականի ընթացքում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների ընդհանուր քանակի 30.0 %-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ:

Նկատենք, որ գործարքների ընդհանուր քանակի 36.7 %-ը գրանցվել է Երեւան քաղաքում:

2017 թվականին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 52275 օտարման գործարքների 74.3 %-ը կազմել է առուվաճառքը, 25.4 %-ը` նվիրատվությունը եւ 0.3 %-ը` փոխանակությունը:

2017 թվականին Երեւան քաղաքում անշարժ գույքի 15722 առուվաճառքի գործարքի 64.4 %-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երեւան քաղաքում, 2016 թվականի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 23.7 %-ով:

2017 թվականին Երեւան քաղաքի վարչական շրջաններում վաճառված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների (պայմանագրային) գների եւ առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձեւավորվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 մ մակերեսի հաշվարկով, հետեւյալ շուկայական միջինացված գները.

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Երեւան քաղաքում 2017 թվականին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 մ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2016 թվականի համեմատ նվազել են 3.5 %-ով:

Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տվյալների՝ 2017 թվականին մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 4225 բնակարան, որոնց քանակը, 2016 թվականի համեմատ աճել է 12.3 %-ով:

Կոմիտեն արձանագրել է, որ 2017 թվականին հանրապետությունում իրականացվել  է անհատական բնակելի տների 5055 առուվաճառքի գործարք, այդ թվում Երեւան քաղաքում՝ 1505, մարզերում՝ 3550: 2016 թվականի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքի քանակն աճել է 19.3 %-ով, ընդ որում, Երեւան քաղաքում ` 22.3 %-ով, իսկ մարզերում՝ 18.1 %-ով :

Ընդհանուր առմամբ, 2017 թվականին հանրապետությունում օտարվել է 17601 միավոր (16752.08 հա) հող, որից Երեւանում` 1190 միավոր (308.43 հա):

Հանրապետությունում 2017 թվականին հողերի առուվաճառքի գործարքների քանակը, 2016 թվականի համեմատ, աճել է 8.0 %-ով: Հողերի առուվաճառքի առավել մեծ ծավալներն արձանագրվել են Արմավիրի մարզում՝ 7207.36 հա, որից 7123.23 հա գյուղատնտեսական նշանակության են:

2017 թվականին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 9513 վարձակալության գործարքները կազմել են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի 5.1 %-ը: Ընդ որում, վարձակալության գործարքների 93.3 %-ն իրականացվել է իրավաբանական անձանց կողմից: 2017 թվականին անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը, 2016 թվականի համեմատ, աճել է 25.7 %-ով:

2017 թվականին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 24325 գրավադրման գործարքները կազմել են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի 13.0 %-ը: 2017 թվականին գրավադրման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումների քանակը, 2016 թվականի համեմատ, աճել է 13.5 %-ով: