ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մայա Դաղերին:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` նախարար Իգնատի Առաքելյանը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման շրջանում գյուղատնտեսության բնագավառում հայ-լիբանանյան հարաբերությունները կշարունակեն խորանալ եւ ընդլայնվել:

«Հայաստանի եւ Լիբանանի միջեւ առկա է գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մեծ ներուժ, եւ մենք պատրաստ ենք լիբանանյան կողմի հետ քննարկել տարբեր առաջարկներ, այդ թվում` նաեւ ներդրումային ծրագրերի իրականացման եւ արտահանումների կազմակերպման վերաբերյալ», – ողջունելով հյուրին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Գյուղատնտեսության ոլորտում  որպես հայ-լիբանանյան համագործակցության լավագույն օրինակ կողմերը, մասնավորապես, հիշատակել են «Գարդենիա Լեբանիզ Ֆարմս» ընկերության գործունեությունը, որի ջանքերով 2015 թվականին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում հիմնվել են «պեկան» տեսակի ընկուզենու այգիներ:

Ելնելով Հայաստանի եւ Լիբանանի աշխարհագրական դիրքի նմանությունից` երկուստեք ընդգծվել է գյուղատնտեսության բնագավառում երկու երկրների միջեւ փորձի փոխանակման կարեւորությունը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել 2004 թվականի ապրիլին «ՀՀ եւ ԼՀ գյուղատնտեսության նախարարությունների միջեւ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակում գյուղատնտեսության ոլորտում հայ-լիբանանյան համագործակցության ընդլայնման եւ երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջեւ գործնական կապերի ամրապնդման ուղղությամբ: