Շուրջ մեկ դար շարունակվող ժխտողական քաղաքականությունը ձախողվել է, սակայն Թուրքիան դեռ կառչած է մնում կարծրատիպերից: Այս մասին հայտարարել է հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը, ով պոպուլիզմ է որակել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի վերջին ելույթում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հնչեցված դրույթները։

Նալբանդյանի խոսքով, Թուրքիայում չեն կարող չգիտակցել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է:

«Պարզ է, որ շուրջ մեկ դար շարունակվող ժխտողական քաղաքականությունը ձախողվել է, սակայն Թուրքիան դեռ կառչած է մնում կարծրատիպերից:

Անկարան չի խորշում աղավաղել ոչ միայն պատմական փաստերը, այլեւ ներկա իրողությունները՝ այդ թվում խեղաթյուրելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները:

Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի կողմից Թուրքիայի վարչապետին ուղղված բաց նամակում իրավացիորեն նշվում է, որ Հայոց ցեղասպանությունը լայնորեն վավերագրված է Միացյալ Նահանգների եւ այլ երկրների, ներառյալ պատերազմական ժամանակաշրջանում Օսմանյան Թուրքիայի դաշնակիցներ Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի հազարավոր պաշտոնական փաստաթղթերում, ականատես դիվանագետների, միսիոներների, ցեղասպանությունը վերապրածների վկայություններում, տասնամյակների բազմաթիվ պատմագիտական եւ իրավական ուսումնասիրություններում, անգամ Օսմանյան ռազմական տրիբունալի արխիվներում:

Արժանահիշատակ է, որ ի թիվս շատ այլ երկրների Գերմանիան եւ Ավստրիան ոչ միայն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այլ նաեւ ընդունել են պատասխանատվության իրենց բաժինը՝ որպես այդ ժամանակաշրջանում Թուրքիայի դաշնակիցներ:

Միջազգային հանրության կողմից բազմիցս է շեշտվել, որ Ցեղասպանության ժխտողականությունը պարարտ հող է ստեղծում մարդկության դեմ հանցագործությունների կրկնության համար: Հայոց ցեղասպանության ճանաչողներին «պոպուլիստ» անվանելու փոխարեն, Անկարան պետք է հրաժարվի իր ժխտողական քաղաքականության վտանգավոր պոպուլիզմից, քաջություն ցուցաբերի սեփական անցյալին առերեսվելու համար»,-նշել է ԱԳ նախարարը: