Մարտի 1–ի գործի բացահայտումը ապացուցողական բազայի խնդիր է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։

«Քաղաքականությունը սրա հետ կապ չունի, խնդիրը հետեւյալի մեջ է, երկար տարիներ են անցել, ապացուցողական բազայի ձեւավորման խնդիր կա»,–ասել է  Գեւորգ Կոստանյանը։

Դիտարկմանը՝ ստացվում է՝ գործը չբացահայտելու միտում կա՝ հաշվի առնելով նաեւ առաջիկա տարիների ազդեցությունը իր նշած «ապացուցողական բազայի» վրա, Կոստանյանն արձագանքեց. «Բազմաթիվ օրինակներ կան, որ 15–20 տարի հետո բացահայտվում է որեւէ հանցագործություն, դա չափանիշ չէ»:

Հարցին՝ այս իշխանությունը երբեւէ քաղաքական կամք կունենա՞  մարտի 1–ի հանցագործությունը բացահայտելու, ի վերջո տասը քաղաքացի է սպանվել ու որեւէ մեկը տասը տարվա ընթացքում պատասխանատվության չի ենթարկվել, նախկին գլխավոր դատախազը հորդորեց իշխանության հետ չկապել այս հանցագործությունը. «Մարտի 1-ը իշխանության  հետ մի կապեք: Ի հայտ կգա մի հանգամանք, մի տեղեկություն ու փաստ, որի հիման վրա կհայտնաբերվեն։ Ես հիմա չգիտեմ՝ ինչ փուլում է գործի քննությունը, բայց այն հանգամանքը, որ գործը կարճված ու կասեցված չի, նշանակում է քննությունը ընթացքում է:  Եթե քրեական գործը բացահայտված լինի, երկու ճանապարհ կա՝ կամ գործը դատարան է գնում, կամ կարճվում է, եթե դրանք արված չեն, ուրեմն դեռ անելիքներ կան: Քննությունը ընթանում է եւ ես վստահ եմ, որ արդյունավետ կլինի»:

Դիտարկմանը՝ մարտի 1–ը համարո՞ւմ է այս իշխանության խարանը, որը 10 քաղաքացու սպանության  համար գեթ մեկ հոգու պատասխանատվության չենթարկեց, Կոստանյանը պատասխանեց. «Ցանկացած չբացահայտված հանցագործություն անընդունելի է պետության համար, այդ թվում՝ դա: Այստեղ խնդիրը ոչ այնքան  բացահայտված չլինելն է, որքան այն ակնկալիքը, որ բոլորս ունենք, որովհետեւ մեզ պետք է, որ մենք կարողանանք այդ հանցագործության քննությունը պատշաճ իրականացնենք եւ նաեւ բացահայտենք բոլոր  մեղավորներին, հիմքերն ու պատճառները դրանք շտկելու համար»։