2018 թվականի համար արգելվել է Հայաստանի ջրային տարածքներում «չինական ցանցերով» ձկնորսությունը, հաղորդում է Econews.am-ը: 

Նշենք, որ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հրամանով սահմանվել են 2018թ․ ընթացքում Հայաստանի ջրային տարածքներում արդյունագործական որսի չափաքանակները: Հրամանով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում (բացառությամբ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների) 2018 թվականի ընթացքում թույլատրվում է արդյունագործական որսի հետեւյալ կենդանատեսակները եւ դրանց չափաքանակները. Կարաս` ջրային բոլոր տարածքներում անսահմանափակ, խեցգետին` Սեւանա լճում մինչեւ 500 տոննա: 

2018թ.-ի հրամանագիրը տարբերվում է նախորդներից. «Սահմանվել է՝ ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսն արգելվում է իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս եւ ցանցավանդակի չափը 100 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 50 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր)»: 

Այս կետի առնչությամբ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ճշգրտում իրականցրեց Բնապահպանության նախարարության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ Սեւակ Բալոյանի հետ: Վերջինս ասաց. «Այս կետը նոր է ավելացել պայմանավորված Մաքսային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունների հետ՝ կապված ներմուծվող ապրանքատեսակների արգելման հետ: Կա արգելող դրույթ Մաքսային միության երկրներ ներկրվող ապրանքները սահմանող: Մենք լրացուցիչ անգամ փաստում ենք, որ նման ցանցերով ձկնորսություն անել չի կարելի: Եթե նույնիսկ ապօրինի ներմուծված լինի, դրանցով ձկնորսությունն ընդհանրապես արգելված է»,- մանրամասնեց նա:  Նշենք, որ խոսքը այսպես կոչված «չինական որսագործիքների» մասին է:

Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանի խոսքով. «2014թ.-ից սկսած Սեւանա լճում սկսեցին կիրառել նոր տիպի որսագործիքներ: Դրանք չինական ծալովի խեցգետնորսիչներն են, թառփերն են եւ նաեւ զսպանակաձեւ խեցգետնորսիչները, իսկ մինչ այդ կիրառվում էր կասպիական թակարդները, որոնք ապահովում էին կենդանիների արդյունագործական չափերի որսը: Սակայն այս վերջին տարիների որսագործիքներում՝ ծալովի չինական թակարդներում եւ զսպանակավոր խեցգետնորսիչներում խայծ չի օգտագործվում: Պարզապես այն տեղադրվում է հատակում եւ կենդանիներն իրենց շարժվելու ընթացքում, ցանկացած չափի կենդանի՝ բեղմնավորված էգեր կլինեն, թե մանր նոր ծնված խեցգետիններ, նրանք բոլորը բռնվում են այդ թակարդներով:

Մենք մի քանի անգամ արդեն նշել ենք ԲՆ ներկայացվող մեր հաշվետվություններում, որ չինական որսագործիքներով կատարվող որսի ընթացքում անթույլատրելի չափի ոչ արդյունագործական կենդանիների քանակը կազմում է մոտ 47 տոկոս, իսկ դա նշանակում է, որ հաջորդ տարի արդեն համալրող սերունդը կրճատվում է»: