2018 թվականին Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի առաջմղումը նոր նրբերանգ կստանա: Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (Conseil de Coordination des Organisations Arméniennes de France) համանախագահ Մուրադ Փափազյանը:

Նրա խոսքով՝ CCAF-ը ակտիվ մասնակցություն կունենա Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին եւ մայիսյան իրադարձություններին նվիրված միջոցառումներին, ինչպես նաեւ 2018 թվականին նախատեսված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում:

«Առաջնահերթություն կդառնա Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտման մասին օրինագծի առաջմղումը, որը կանցկացվի բացարձակապես այլ լույսի ներքո, քանի որ մենք ի դեմս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ նոր խորհրդարանականների նոր դաշնակից ենք ձեռք բերել»,- նշեց Մուրադ Փափազյանը՝ հավելելով, որ մինչ այս օրինագիծը չի ընդունվել ոչ թե իրավական, այլ քաղաքական նկատառումներով:

Մյուս առաջնահերթ հարցերի թվում է ղարաբաղյան հակամարտությունը:

«Ֆրանսիայի հայ համայնքը մտադիր է հանրահավաքներ անցկացնել, դասախոսություններ, տեղեկատվական եւ ուսուցողական միջոցառումներ կազմակերպել»,- հայտնեց Խորհրդի համանախագահը:

Նա ընդգծեց, որ CCAF-ի ամենամյա ընթրիքի ժամանակ միջոցառումների ծրագիրն  արդեն քննարկվել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ: