Փետրվարի 3-ին  ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ Արցախ կատարած այցի շրջանակում Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության եւ ՀՀ մշակույթի նախարարության միջեւ ստորագրվեց  պատմամշակութային ժառանգության պահպանության բնագավառում համագործակցության մասին  փոխըմբռնման հուշագիր:

Հուշագիրը կարեւորվում է մասնագիտական փորձի փոխանակումը եւ մեթոդական օժանդակությունը, համագործակցությունը պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման ոլորտներում, Արցախի Հանրապետության պատմամշակութային եւ բնապատմական արգելոցների զարգացման ծրագրերի մշակման եւ իրագործման ուղղությամբ:

Ըստ հուշագրի նախատեսվում է նաեւ պատմամշակութային հուշարձանների պահպանության ոլորտի վերաբերյալ գիտահանրամատչելի գրականության համատեղ հրատարակում, ՀՀ նախարարության կողմից աջակցություն թանգարանային նոր ցուցադրությունների կազմակերպման, գտածո հնագիտական նյութերի մաքրման եւ վերականգնման գործում, համատեղ ցուցահանդեսների եւ գիտական կոնֆերանսների կազմակերպում, ինչպես նաեւ հրատապ հնագիտական պեղումների եւ հուշարձանների մոնիթորինգի համատեղ կազմակերպում եւ իրականացում:

Այս ամենը  կյանքի կոչելու նպատակով  կհաստատվի ոլորտային համագործակցության միջոցառումների ծրագիր եւ կստեղծվեն համատեղ աշխատանքային խմբեր, որոնք պարբերաբար  կհանդիպեն ու կքննարկեն աշխատանքների ընթացքը:

Հուշագրի ստորագրման արարողությունից հետո նախարարները պատասխանեցին լրագրողների հարցերին: