ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է 2017թ. ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ կրկնակի քվեարկելու փորձ կատարեու մեջ մեղադրվող անձի նկատմամբ նշանակված ազատազրկում պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու եւ փոխելու վերաբերյալ գործով մեղադրող դատախազի ներկայացրած բողոքը:

Գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են. «Երեւան քաղաքի թիվ 2/19 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ 02.04.2017թ.-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է Երեւան քաղաքի, Միկոյան փողոցի 4/2 հասցեում տեղակայված համար 159 դպրոցի տարածքում գործող թիվ 2/19 տարածքային ընտրական տեղամաս, որտեղ ժամը 09:14-ին ընտրողների գրանցման տեխնիկական սարքը սպասարկող մասնագետին է ներկայացրել իր նույնականացման քարտը, ապա  սահմանված կարգով քվեարկելուց հետո հեռացել է տեղամասից: Դրանից հետո Հովհաննես  Ղազարյանը  մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ  վերադարձել է նույն ընտրատեղամաս եւ ժամը 09:29-ին ընտրողների գրանցման տեխնիկական սարքը սպասարկող մասնագետին է կրկին ներկայացրել իր նույնականացման քարտը, սակայն Հովհաննես Ղազարյանն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ ընտրողների գրանցման տեխնիկական սարքը արձանագրել է վերջինիս կողմից ընտրություններին մասնակցելու  համար  կրկնակի գրանցվելու փորձ կատարելու փաստը:

Հարուցված քրեական գործով 03.04.2017թ.-ին Հովհաննես Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ 05.04.2017թ-ին նա ներգրավվել է որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարաք կատարելու համար:

Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազության կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական գործը 2017 թվականի ապրիլի 07-ին ուղարկվել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Մինչեւ դատաքննությունն սկսելը, ամբաստանյալ Հովհաննես Ղազարյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով եւ հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:

2017 թվականի հոկտեմբերի 10-ին դատարանը, դատական քննությունն անցկացնելով արագացված կարգով, Հովհաննես Ղազարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով եւ պատիժ է նշանակել ազատազրկում երկու տարի ժամկետով՝ զրկելով նաեւ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որեւէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից՝ 2 տարի ժամկետով: Դատարանը, սակայն, նույն դատավճռով որոշում է ընդունել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված կարգով Հովհաննես Ղազարյանի նկատմամբ նշանակված երկու տարի ժամկետով ազատազրկման ձեւով պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին` սահմանելով փորձաշրջան երեք տարի ժամկետով:

Վերոնշյալ դատական ակտը Երեւան քաղաքի Ավան եւ Նոր նորք վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից պատժի մասով բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Վերջինս քննելով բողոքը՝ բավարարել է այն, բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը  ճանաչ անթույլատրելի:

Ամբաստանյալ Հովհաննես Ղազարյանի նկատմամբ վերաջնական պատիժ է սահմանվել ազատազրկում երկու տարի ժամկետով՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որեւէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով»: