ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 3-ին, մայրաքաղաքում ծանոթացել է հյուրանոցային ոլորտի զարգացման ընթացքին: Սերժ Սարգսյանն այցելել է մայրաքաղաքի կենտրոն համայնքում տեղակայված «Իբիս Երեւան Կենտրոն» եւ «Գոլդեն Փելիս Բուտիկ Հոթել»՝ շրջել այդ հյուրանոցային համալիրներում, ծանոթացել կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին եւ առաջարկվող ծառայությունների որակին:

Ֆրանսիական «ԱկկոռՀոթելս» աշխարհահռչակ հյուրանոցային ցանցի անդամ «Իբիս» հյուրանոցը, համագործակցելով միջազգային հյուրանոցային ցանցի հետ, պատասխանատուների հավաստմամբ, բավարարում է միջազգային ամենախիստ պահանջները եւ հայաստանյան խոշոր հյուրանոցներից է՝ իր 255 սենյակների հնարավորությամբ:

Հանրապետության նախագահին տեղեկացրել են, որ 2017 թվականի ընթացքում «Իբիս Երեւան Կենտրոն» հյուրանոցն ընդունել է շուրջ 18,500 հյուր՝ ավելի քան 80 երկրից: 2018 թվականին ակնկալվում է այցելուների աճ առնվազն 25 տոկոսով:

Հյուրանոցն ունի 98 աշխատակից՝ 245 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Հյուրանոցի կառուցման նպատակով կատարված ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 10 միլիարդ դրամ:

Հայաստանի հյուրանոցաշինության եւ զբոսաշրջության ոլորտում իր զգալի ներդրումն ունեցող «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊԸ-ին պատկանող «Գոլդեն Փելիս Բուտիկ Հոթել» հյուրանոցում Նախագահին ներկայացրել են, որ հյուրանոցը գործունեությունն սկսել է 2018 թվականի հունվարից` ստեղծելով շուրջ 40 աշխատատեղ՝ 200 000-250 000 դրամ միջին աշխատավարձով:

Ելնելով բուտիկ հյուրանոցի չափանիշներից՝ «Գոլդեն Փելիս Բուտիկ Հոթել»-ի յուրաքանչյուր սենյակ հագեցված է ոճային եւ ինքնատիպ կահավորմամբ, ժամանակակից հարմարություններով, մատուցվող ծառայություների բարձր որակով, հարմարավետությամբ եւ շքեղությամբ: «Գոլդեն Փելիս Բուտիկ Հոթել» հյուրանոցի կառուցման եւ կահավորման համար վարկային եւ այլ միջոցներից ներդրումները կազմել են շուրջ 15 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: