Արագածոտնի մարզի Ապարան համայնքում դրական փոփոխություններն անկհայտ են։ 2017թ. նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Ապարան խոշորացված համայնքի ղեկավար ընտրվեց գործարար, «Գնթունիք» ընկերության հիմնադիր Կարեն Եղիազարյանը։

Ընտրվելուց հետո քաղաքապետը բուռն կերպով սկսեց քաղաքում բարեկարգումներ իրականացնել, իր անձնական միջոցներով վերանորոգեց համայնքապետարանի վարչական շենքը: 

Համայնքի տարածքից ապամոնտաժվեցին շուրջ 200 շարժական տնակներ, աստիճանաբար լուծվում է նաեւ աղբահանության խնդիրը, քանի որ շահագործման է հանձնվել երկրորդ մեքենան:

Ապարանի եւ համայնքի կազմում ընդգրկված գյուղերի համար լրջագույն խնդիրը տարիներ շարունակ եղել է գիշերային լուսավորության հարցը։ Համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի հանձնարարությամբ եւ նախաձեռնությամբ, գիշերային լուսավորությունն ապահովելու նպատակով,  համայնքի տարբեր հատվածներում ընթանում են աշխատանքներ: Արդեն իսկ գիշերային լուսավորությամբ ապահովված են Ապարանի բոլոր  բնակելի շենքերի բակային հատվածները, մի շարք փողոցներ: Գիշերային լուսավորության հարցը լուծվել է նաեւ Չքնաղ, Թթուջուր, Ձորագլուխ գյուղերում:

Վերջին նորամուծությունը ներհամայնքային տրանսպորտային երթուղիների ներդրումն է, փետրվարի 2-ից գործում են ներհամայնքային տրանսպորտային երթուղիներ համայնքի Ապարան, Քուչակ, Ծաղկաշեն, Արագած, Վարդենուտ, Արայի, Ափնագյուղ, Հարթավան վարչական տարածքներում, քաղաքի իշխանությւոնները խոստանում են, որ առաջիկայում տրանսպորտ աշխատելու է նաեւ մնացած վարչական շրջանների համար եւս։