ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում երկու կին վուդու ծիսակարգի ժամանակ այլանդակել են հնգամյա աղջնակի դեմքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով տեղական հեռուստատեսությունը:

Նշվում է, որ 40-ամյա Ռեյչլ Հեյլերը եւ 51-ամյա Պեգի Լա Բուսյերը համոզել են փոքրիկ աղջկա մորը, որ երեխայի մեջ չար ոգի է մտել, ինչից հետո կախարդական ծիսակարգ են անցկացրել՝ սատանային դուրս հանելու համար: Աղջնակի ութամյա եղբոր ցուցմունքների համաձայն՝ կանայք կապել են երեխային, նրա գլխավերեւում տարբեր տեսակի առարկաներ են այրել, աչքերի մեջ ջուր եւ այլ անհայտ նյութեր են լցրել: Կանայք նաեւ սպառնացել են մաչետեով կտրել տղայի գլուխը:

Ոստիկանությունը հայտնում է, որ օգտագործված քիմիական նյութերն աղջկա դեմքին հետքեր են թողել, որոնք հնարավոր է, որ այլեւս չբուժվեն: Այժմ  աղջիկն ու նրա եղբայրը գտնվում են պետության խնամակալության տակ:

Երկու կանայք էլ ձերբակալվել են: Նրանց դեմ մի շարք մեղադրանքներ են առաջադրվել՝ այդ թվում նաեւ՝ մարմնական վնասվածքների պատճառում եւ ծեծ: