PicsArt-ի համահիմնադիր, գործադիր տնօրեն Արտավազդ Մեհրաբյանն ու PicsArt-ի տեխնիկական և հայկական գրասենյակի գլխավոր տնօրեն Միքայել Վարդանյանը «Այբ» դպրոցում, ավանդական «Հաջողության բանաձեւ» միջոցառման ժամանակ վարպետության դաս են անցկացրել «Օգտագործիր թիմիդ հզորությունը» թեմայով:

Նրանք իրենց պրակտիկայից մի քանի դեպք ներկայացրեցին եւ ունկնդիրներին առաջարկեցին փորձել լուծել ծագած խնդիրը, իսկ հետո պատմեցին, թե այն իրենք ինչպես են լուծել:

Ինչպես, մասնավորապես, պատմեցին PicsArt-ի հիմնադիրները, երբ 10 մարդուց բաղկացած իրենց թիմն ընդարձակվել է, եւ աշխատակիցների թիվը հասել 300-ի, իրենք հայտնաբերել են, որ աշխատանքի արդյունավետությունը չի բարձրացել, ինչպես ակնկալում էին, այլ նույնիսկ մի փոքր նվազել է:

Ինչպես նշեց Արտավազդ Մեհրաբյանը, եթե նախկինում 10 մարդուց բաղկացած թիմը մեկ շաբաթում կատարում էր աշխատանքի ինչ-որ ծավալ, ապա, ինչպես պարզվեց, մեծ անձնակազմով այն մեկ շաբաթում հաղթահարում էր նույն ծավալի աշխատանք: Հարց ծագեց՝ ինչո՞ւ եւ իրավիճակն ինչպե՞ս ուղղել:

Դահլիճում ներկաները մի քանի տարբերակներ առաջարկեցին՝ 300 մարդուն բաժանել 10 մարդուց բաղկացած 30 ենթախմբի, կատարել աշխատանքի հստակ բաժանում, ծանրաբեռնել մենեջերներին: Ինչպես նշեց Միքայել Վարդանյանը, իրենք կատարել են գրեթե նույն քայլերը, ինչպիսին առաջարկեցին ունկնդիրները:

«Խնդիրը անալիզ անելուց հետո մենք հասկացել ենք, որ մի մենեջերը կարող է 6-7 հոգու նորմալ ղեկավարել, բայց եթե մի մենեջերը ունենում է 40 հոգի, նա նույն ձեւով չի կարող ղեկավարել։ Դրա համար մենք կիսեցինք, այսինքն, անցանք մատրիցային մոդելի», - ասաց նա՝ հավելելով, որ նման պրակտիկա է կիրառվում նաեւ Սիլիկոնային հովտում:

Փաստացի, PicsArt-ը բաժանված է առանձին բիզնես միավորների, որոնցից յուրաքանչյուրը ինքնաբավ թիմ է ներկայացնում՝ մինի ստարտափ:

NEWS.am-ի հետ զրույցում Արտավազդ Մեհրաբյանը նշեց, որ շատ կարեւոր է համարում նման միջոցառումները: «Սա փորձի  փոխանակում է, որը շատ ընդունված է Սիլիկոնային հովտում։ Սրա շնորհիվ է, որ իրականում ավելի հեշտ են կարողանում մյուս ընկերությունները կամ ստարտափերը աճել, նորից նույն սխալները չկրկնել եւ նույն փոսը չընկնել», – ասաց նա։

Միքայել Վարդանյանն իր հերթին ներկայացրել է նախորդ տարվա ձեռքբերումները: Նրա խոսքով, իրենք անցել են ամսական 100 մլն ակտիվ օգտատերերի շեմը, Google–ի եւ Apple–ի կողմից ճանաչվել են լավագույն հավելվածներից մեկը, սկսել են ավելի շատ կիրառել արհեստական բանականությունը եւ մեքենայական ուսուցումը։

Արտավազդ Մեհրաբյանը հավելել է, որ PicsArt-ն արդեն համաշխարհային բրենդ է, որին ճանաչում են աշխարհի տարբեր վայրերում. «Դա երեւի ամենամեծ նվաճումն է, որ մենք ունենք՝ միլիոնավոր օգտատերեր, եւ մենք իրենց օգնում ենք, ավելի ենք գեղեցկացնում եւ հեշտացնում իրենց կյանքը», – ասաց նա։

Հայաստանում IT ոլորտի զարգացման միտումը հաջողակ ընկերության տնօրենները դրական են համարում: Այդ ոլորտում զբաղված մարդիկ, ըստ Միքայել Վարդանյանի, փորձում են նոր գաղափարներ առաջ մղել, ոչ թե շեշտը դնել աութսորսինգի վրա, ինչպես եղել է մինչեւ այժմ:

Արտավազդ Մեհրաբյանը հավելեց, որ այսօր բուհերի շրջանավարտները արդեն ձգտում են ստարտափներ ստեղծել, ոչ թե աշխատավարձով աշխատանք փնտրել, եւ դա նպաստում է ոլորտի էլ ավելի զարգացմանը: