Վենեսուելան պատրաստ է դիմակայել նավթային էմբարգոյի սպառնալիքներին, որը սահմանելու հնարավորության մասին հայտնել է ԱՄՆ-ն: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է Վենեսուելայի նախագահ Նկոլաս Մադուրոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Արգենտինա այցի ժամանակ մեզ ուղղված սպառնալիքով է հանդես եկել, որ Վաշինգթոնը կարող է նավթային էմբարգո հայտարարել: Մենք պատրաստ ենք: Նավթային ինդուստրիայի աշխատակիցներ, մեզ իմպերիալիզմը սպառնում է, մենք պատրաստ ենք, որպեսզի ազատ լինենք, ոչ մեկը եւ ոչ մի բան մեզ չի կանգնեցնի»,- նշել է Մադուրոն:

Բուենոս Այրես այցի ժամանակ Թիլերսոնը հայտնել էր, որ Միացյալ Նահանգների կառավարությունը «շարունակում է քննարկել Վենեսուելայի նավթի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու կամ այդ երկրից ԱՄՆ-ին մթերքների վաճառքի արգելման հնարավորությունը: Նա միաժամանակ նշել էր, որ Վաշինգթոնն ուսումնասիրում է «ամերիկյան բիզնեսի, ինչպես նաեւ տարածաշրջանի մյուս երկրների վրա ազդեցությունը մեղմելու զանազան տարբերակները»:

Անցյալ տարվա օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել Վենեսուելայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին: Մասնավորապես՝ ամերիկյան ընկերություններին արգելվում էր գործարքներ կնքել այդ երկրի կառավարության ու PDVSA նավթային ընկերության թողարկած նոր պարտքային պարտավորություններով եւ արժեթղթերով՝ մարման համապատասխանաբար 30 եւ 90 օրից ավելի ժամկետներով: