Հայաստանը գազով աշշխատող ավտոմեքենաների թվով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում: Փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Էքսպերտ քեթչ» գազի բալոնների փորձարկման, տեղադրման եւ սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը:

Փորձագետը հիշեցրեց, որ գազի բալոնների խնդիրը բոլորին է վերաբերում, քանի որ գազով է աշխատում նաեւ հանրային տրանսպորտը: Ըստ Տիգրանյանի՝ հանրապետությունում գազով աշխատող մոտ 300 հազար ավտոմեքենա կա (շուրջ 400 հազար բալոն): «Այս ցուցանիշով Հայաստանը առաջին տեղում է աշխարհում: Հետեւաբար, հանրային տրանսպորտն ավելի էժան է, քան մյուս երկրներում»,- ասաց Տիգրանյանը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ 2014 թվականին 102 միջադեպ է տեղի ունեցել ավտոմեքենաներում տեղադրված գազի բալոնների հետ կապված, մահացել է 10 մարդ: 2015 թվականին 92 միջադեպ է տեղի ունեցել, 2016-ին՝ 119: Միջադեպերը հիմնականում տեղի են ունենում գազալցակայաններում: Սակայն եղել են դեպքեր, երբ միջադեպի պահին ավտոմեքենան ընթացքի մեջ է եղել: 2017 թվականին ՀՀ կառավարությունը հանձնարարել էր տրանսպորտի, կապի եւ տեղեկատվության նախարարությանը համապատասխան օրենսդրական փոփոխություններ մշակել: