Երիտասարդ գործարարները, որոնք ցանկանում են Հայաստանում գիտական եւ տեխնոլոգիական բաղադրիչներով բիզնես զարգացնել, կարող են դիմել «պահապան հրեշտակների» կամ ֆինանսական եւ խորհրդատվական ներդրողների օգնությանը: Հայաստանի գիտատեխնոլոգիական հիմնադրամը (Foundation for Armenian Science and Technology, FAST) փետրվարի 5-ին Երեւանում ներկայացրեց Հայաստանում բիզնես հիմնել ցանկացող երիտասարդ ձեռնարկատերերին աջակցության գործիքը: 

Գործիքը գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառում ներդրողների ոչ պաշտոնական ցանց է՝ Science and Technology Angels Network (STAN): Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց STAN-ի համահիմնադիր Ռուբեն Հարությունյանը, ցանցում կգործի 18 անհատ բիզնես հրեշտակ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից եւ Մեծ Բրիտանիայից: Նրանք պատրաստ են ներդրումներ կատարել երիտասարդ գործարարների նախաձեռնություններում, որոնք ստեղծագործական գաղափարներ ունեն, որոշակի հաջողություններ են գրանցել իրենց բիզնեսում, սակայն հետագա առաջխաղացման համար բավարար ֆինանսներ չունեն: Ընդ որում, ստարտափը պետք է անպայմ գիտական եւ տեխնոլոգիական բաղադրիչ ունենա՝ այդ ուղղություններով հետագա զարգացման հեռանկարով:

«Հրեշտակներն ինչպես ֆինանսական, այնպես էլ խորհրդատվական օգնություն կտրամադրեն, ընդ որում՝ ոչ միայն հայերին, այլ նաեւ՝ օտարերկրյա երիտասարդ գործարարներին, որոնք ցանկանում են Հայաստանում բիզնես ստեղծել»,- նշեց Ռուբեն Հարությունյանը:

«Կարեւորն այն է, որպեսզի իրենց բիզնեսը հնարավորություն տա կոմերցիոնալացնել գիտությունը, նորարարական լուծումնեիր շնորհիվ հայ եւ համաշխարհային տնտեսության մաս դառնալ»,- նշեց FAST-ի համահիմնադիր Արթուր Ալավերդյանը: Նրա խոսքով՝ STAN-ը նպատակ ունի Հայաստանում գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման համար էկոհամակարգ ստեղծել, խթանել նախաձեռնությունները, որոնք նպաստում են ստարտափների եւ բիզնեսի ակտիվացմանը:

«Ընտրությունը կատարվելու է բավական մանրակրկիտ, որպեսզի ընտրվեն հենց այն ընկերությունները, որոնք պատրաստ են երկար ժամանակ մնալ Հայաստանում եւ իրականացնել այստեղ իրենց նորարարական լուծումները: Ինչպես գիտեք, ստարտափները բավական ռիսկային են, եւ բանկերը հաճախ չեն ուզում գործ ունենալ դրանց հետ, ուստի մենք նախադրյալ ենք ստեղծում Հայաստանում վենչուրային հիմնադրամի ստեղծման համար»,- ասաց Արթուր Ալավերդյանը:

Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչպիսի ուղղվածություն պետք է ունենան ստարտափները, որպեսզի դիմեն բիզնես հրեշտակների ծառայություններին՝ Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը նշեց, որ նախնական փուլում ցանցում կներգրավվեն միկրոէլեկտրոնիկայի, արհեստական ինտելեկտի ( ռոբոտաշինություն, մեքենայաշինություն), բիոտեխնոլոգիաների (այդ թվում նաեւ նանոտեխնոլոգիաների) եւ տվյալների բազայի զարգացման ոլորտի ստարտափները: Մեկ տարում ցանցում 3-5 գործարար կներառվի: «Աստիճանաբար ցանցը կընդլայնվի եւ համագործակցության համար կներառի նաեւ այլ պրոֆիլի նախաձեռնություններն ու երիտասարդ մասնագետներին»,- ասաց FAST-ի գործադիր տնօրենը:

Հայաստանի գիտատեխնոլոգիական հիմնադրամը (FAST) գործարկվել է 2016 թվականին: Հիմնադրամի հիմնական առաքելությունը Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս նորարարությունների եւ գիտական առաջխաղացման խթանման համար բարենպաստ էկոհամակարգի ստեղծումն է: FAST-ը մտադիր է մոբիլիզացնել եւ միավորել հայկական եւ միջազգային գիտական համայնքի ֆինանսական եւ տեխնոլոգիական ռեսուրսները: Հիմնադրամի համահիմնադիրներն են գործարարներ ու բարերարներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը (IDeA Foundation), Մեսրոպ քահան Արամյանը («Այբ» եւ «Լույս» հիմնադրամներից), ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիաների եւ նորարարության ոլորտի գործարար Արթուր Ալավերդյանը: