Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը Facebook-ի իր էջում հայտնել էր, որ լքում է կիպրոսյան «Սալամինա» ակումբը։ NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում նա մանրամասնեց պատճառները։

«Թիմից հեռանալու պատճառները շատ են։ Բայց հիմնականն այն է, որ ես արդեն մեկ ամսից ավելի շատ լավ մարզավիճակում եմ, ոչ մի առողջական խնդիր չունեմ, բայց չեմ խաղում։ Նոյեմբերին ես վիրահատվեցի, մինչ այդ ես բոլոր խաղերում եղել եմ հիմնական կազմի ֆուտբոլիստ։ Հետո մարզիչը փոխվեց։ Ես ապաքինվեցի։ Արեցի ամեն բան, որ ժամանակից շուտ վերականգնվեմ, բայց ինձ այլեւս խաղաժամանակ չեն տրամադրում։ Ես որոշեցի հեռանալ «Սալամինայից», քանի որ այստեղ ժամանակ եմ կորցնում»։

Թե որտեղ է շարունակելու նա կարիերան դեռ պարզ չէ:

«Այս պահին ոչ մի կոնկրետ առաջարկ չունեմ։ Վերադառնում եմ Երեւան։ Կտեսնեմ, թե որտեղ կխաղամ։ Իսկ Կիպրոսում չեմ կարող մնալ, քանի որ տրասֆերային պատուհանը փակվել է ու թիմս չեմ կարող փոխել»,- ասաց Մանոյանը։