Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առեւտրի դեմ պայքարի ռազմավարության եւ առաջիկա անելիքների վերաբերյալ ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել առեւտրի ոլորտի  պատասխանատուների եւ վարչական շրջանների ղեկավարների տեղակալների  հետ: Խորհրդակցությանը մասնակցել են նաեւ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը, ՊՊԾ գնդի հրամանատար Արթուր Խուդինյանը, Երեւան քաղաքի վարչության բաժինների պետերի ծառայության գծով տեղակալները:

Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նշել է, որ նախորդ տարիների համեմատ բացօթյա ապօրինի առեւտրի դեմ միջոցառումների արդյունքները ակնառու են, բայց դեռ գոհացուցիչ չեն եւ այս ուղղությամբ դեռ զգալի անելիք կա:

Խորհրդակցության ընթացքում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Արման Եդոյանը ներկայացրել է ոլորտում աշխատանքի արդյունավետության բարձրացման իր դիտարկումները: Անդրադառնալով խնդրին` ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը  նշել է, որ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները եւս պատրաստ են քաղաքային իշխանությունների եւ  ոլորտի պատասխանատուների հետ ավելի վճռական պայքար ծավալել բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելման ուղղությամբ:

Այս համատեքստում նշվել է, որ փետրվարի 3-ից օրվա տարբեր ժամերին ոստիկաններն ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները Երեւանի փողոցներում, մարդաշատ վայրերում ու բակերում համատեղ կարգախմբերով ամենօրյա շրջայցեր են իրականացնում: Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն էլ, մեկ անգամ եւս կարեւորելով բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելման ուղղությամբ հետեւողական քայլերի իրականացումը, հատկանշել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենք»-ի դրույթները ողջ խստությամբ  կիրառելու անհրաժեշտությունը:

«Մենք բազմիցս ենք նշել, որ վարչական պատասխանատվության մեխանիզմների կիրառումը համայնքային բյուջեն համալրելու կամ առեւտրով զբաղվող քաղաքացիներին հնարավոր շահույթից զրկելու նպատակ չի հետապնդում: Խնդիրը բացառապես օրինական դաշտում գործունեություն ծավալելու մասին է, ինչին պետք է հասնենք մեր համատեղ ու հետեւողական աշխատանքի արդյունքում», - նշել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:

Հիշեցնենք, որ մեր համաքաղաքացիները կարող են նաեւ էլեկտրոնային տարբերակով առեւտրի եւ սպասարկումների ոլորտի վերաբերյալ իրենց առաջարկներն ու դիտարկումներն ուղղել Երեւանի քաղաքապետարան սոցիալական ցանցերի էջերով` ֆեյսբուքում /FB/Yerevanmunicipality/ եւ թվիթերում /@evnmunicipality/, ինչպես նաեւ [email protected] էլեկտրոնային հասցեով կամ օգտվել «Թեժ գիծ» ծառայությունից՝ 011-514-000 հեռախոսահամարով: