Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններն աճել են: Այս մասին փետրվարի 5-ին Երեւանում կայացած «Շվեյցարիա-Հայաստան» գործարար հանդիպման ժամանակ հայտարարեց Շվեյցարիայի Ազգային խորհդի նախագահ Դոմինիկ դե Բումանը: Դա, ըստ նրա, կարելի է արձանագրել` վերլուծելով 2017 թվականի արդյունքները: «Դավոսում կայացած վերջին տնտեսական համաժողովի ընթացքում մենք անշուշտ հանդիպեցինք Հայաստանի վարչապետի հետ: Այնտեղ հիմնականում քննարկվել են գյուղատնտեսության, արդյունաբերական սարքավորումների եւ տնտեսական այլ խնդիրների հետ կապված հարցեր»,- հավելեց Բումանը:

Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահն ընդգծեց, որ նա առաջին անգամ Հայաստան է այցելել 10 տարի առաջ եւ բարձր է գնահատում դրական տնտեսական շարժը, որը, ըստ իր դիտարկումների, տեղի է ունենում հանրապետությունում: Սա, Դոմինիկ դե Բումանի խոսքով, պետք է նպաստի նաև արտագաղթի տեմպերի նվազեցմանը:

Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի խոսնակն առանձին կանգ առավ Հայաստանում գյուղատնտեսության զարգացման խնդրի վրա, մասնավորապես՝ գինեգործության: «Հայաստանում շատ բարձրորակ գինի եւ դրա արտադրության համար անհրաժեշտ հումք կա: Եվ ես մտածում եմ այն մասին, որ Շվեյցարիայից փոխանակման կարգով նոր տեխնոլոգիաներ կարող են բերվել Հայաստան, որոնց կիրառումն արտադրանքն ավելի մրցունակ կդարձնի»,- ընդգծել է Դոմինիկ դե Բումանը` հավելելով, որ Հայաստանում որոշ ձեռնարկություններ արդեն իսկ աշխատում են շվեյցարական տեխնոլոգիաների կիրառմամբ: