Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը դատապարտել է «Մեդիալաբ» կայքի գլխավոր խմբագրին ուղղված սպառանալիքները:

«Լրատվամիջոցների դեմ հարձակումները, ինչպիսին է օրինակ՝ վերջերս «Մեդիալաբի» տնօրենին ուղղված սպառնալիքները, վնաս է հասցնում ազատ մամուլին, իսկ ազատ մամուլը կենսական նշանակություն ունի ժողովրդավարության համար»,-ասված է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ, որը տեղադրված է Twitter-ում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Medialab.am» կայքի խմբագրությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի մի օգտատիրոջից լուրջ սպառնալիք է ստացել։ Դրա առիթը լրատվամիջոցում օրեր առաջ հրապարակած ծաղրանկարն է՝ Պաշտպանության նախարարության կողմից 2017թ. դեկտեմբերին 7 միլիոն դրամի ծաղիկ գնելու ու բանակում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։ Ընդ որում՝ սպառնացողն ակնարկել է, որ «Medialab.am»-ը կարող է արժանանալ 2015 թվականի հունվարին ահաբեկչական հարձակման ենթարկված ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականի ճակատագրին։

Կայքի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի տեղեկացմամբ՝ լրատվամիջոցը ժամանակ առ ժամանակ սպառնալիքներ է ստանում, սակայն այս մեկն առավել արտառոց է։ Հիշեցնենք, որ 2016 թվականի օգոստոսին անհայտ անձինք կոտրել էին «Medialab.am»-ի խմբագրի մեքենայի ապակիները եւ գողացել էին երկրի ղեկավարներին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներին պատկերող 107 ծաղրանկարներ: Սակայն այս միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործը կասեցվեց՝ մեղադրյալի հայտնի չլինելու պատճառով։

Այս առնչւթյամբ, Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը օրերս հայտարարել էր, որ «Մեդիալաբ» կայքի խմբագրության նկատմամբ սոցիալական կայքերում հնչեցված սպառնալիքների վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։