Հայաստանը եւ Շվեյցարիան ակտիվորեն համագործակցում են վերականգնվող էներգիայի ոլորտում: Այս մասին փետրվարի 5-ին Երեւանում տեղի ունեցած «Հայաստան-Շվեյցարիա» գործարար հանդիպման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանը: Նրա խոսքով՝ Հայաստանի հարավում արդեն իսկ ամբարտակ է կառուցվել, որտեղ օգտագործվում են շվեյցարական տեխնոլոգիաները: «Այս ամբարտակի շինարարությունը վերջնականապես կավարտվի հաջորդ տարի»,- հավելեց Բումանը:

Խոսելով արեւային էներգիայի մասին՝ վերջինս նշեց, որ Շվեյցարիան որոշել է հրաժարվել միջուկային էներգիայից եւ մտադիր է անցնել արեւայինի, ինչի համար արեւային վահանակներ են անհրաժեշտ: «Նման վահանակներ արտադրվում են ոչ թե Շվեյցարիայում, այլ հիմնականում Չինաստանում: Եվ, հաշվի առնելով Հայաստանում գոյություն ունեցող պայմանները՝ կարծում եմ, որ մենք կկարողանանք համագործակցել եւ՛ գիտության, եւ՛ տեխնոլոգիաների, եւ՛ արտադրության ոլորտներում, որպեսզի այդ վահանակներն արտադրվեն նաեւ Հայաստանում»,- եզրափակեց Դոմինիկ դե Բումանը: