Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրամանով՝ Արտակ Բեգլարյանը նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար։ Մեկ այլ հրամանով՝ Պաշտպանը խորհրդական է նշանակել Բաբկեն Տեր-Գրիգորյանին։

2018թ. փետրվարի 1-ին ուժի մեջ մտած՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ նոր օրենքով ՄԻՊ աշխատակազմը բաժանվել է կառուցվածքային երկու միավորի՝ դեպարտամենտի ու քարտուղարության: Դեպարտամենտը զբաղվում է Պաշտպանի գործունեության բովանդակային ապահովմամբ, իսկ քարտուղարությունը՝ տեխնիկական սպասարկմամբ: Ի թիվս այլ բովանդակային եւ կառուցվածքային փոփոխությունների՝ նոր օրենքը նաեւ հնարավորություն է տալիս Պաշտպանին ունենալ պետական միջոցներով չվարձատրվող մինչեւ հինգ խորհրդական:

Ստորեւ ներկայացված են Արտակ Բեգլարյանի եւ Բաբկեն Տեր-Գրիգորյանի կենսագրականները.

Արտակ Բեգլարյանը մասնագիտությամբ քաղաքագետ եւ հանրային կառավարման մասնագետ է: Նա 2012թ.-ից աշխատել է որպես Արցախի Հանրապետության վարչապետի օգնական, այնուհետեւ՝ մամուլի քարտուղար, իսկ վերջին ամիսներին՝ որպես պետական նախարարի խորհրդական: Նա ուսանել է Լոնդոնի համալսարանական քոլեջի մագիստրատուրայում՝ քաղաքականություն, անվտանգություն եւ ինտեգրացիա մասնագիտացմամբ: Ա.Բեգլարյանը կրթություն է ստացել նաեւ ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում՝ հանրային կառավարում եւ քաղաքականություն մասնագիտացմամբ, իսկ Սալոնիկիի Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթական ինստիտուտում՝ ԵՄ «Էրասմուս Մունդուս» ուսանողական փոխանակման ծրագրով բիզնես կառավարում մասնագիտացմամբ: Նա բակալավրի աստիճանը ստացել է Երեւանի պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում: Ա.Բեգլարյանը մասնակցել է մի շարք միջազգային գիտաժողովների եւ հանդես եկել գիտական հրապարակումներով: Նա տարիներ շարունակ զբաղվել է նաեւ հասարակական գործունեությամբ՝ անդամակցելով եւ ղեկավարելով տարբեր հասարակական կազմակերպություններ:

Բաբկեն Տեր-Գրիգորյանը  մասնագիտությամբ տնտեսագետ եւ Հարավային Կովկասի հարցերով միջազգային զարգացման փորձագետ է: 2017թ.-ից Արցախում մարդու իրավունքների հիմնադրամի գործադիր տնօրենն է։ Հիմնադրամի գործունեության նպատակն է Արցախում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանն աջակցելը: Բ.Տեր-Գրիգորյանը համագործակցել է մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների եւ զարգացման գործակալությունների հետ, այդ թվում` The HALO Trust, Transparency International եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր: Նա նաեւ աշխատել է Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանում՝ որպես ծրագրերի համակարգող: Տեր-Գրիգորյանն ունի Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի քաղաքական ու տնտեսական զարգացման, ինչպես նաեւ՝ քաղաքական հաղորդակցության գծով երկու մագիստրոսական աստիճան: Նա բակալավրի աստիճանը ստացել է Լոս-Անջելեսի կալիֆոռնիական համալսարանից (UCLA)՝ քաղաքագիտության գծով: