Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի աջակցությամբ 13 գինեգործական ընկերություններ մասնակցում են փետրվարի 5-ից 9-ը Մոսկվայում անցկացվող սննդամթերքի, ըմպելիքների (ներառյալ ալկոհոլային խմիչքները) եւ դրանց հումքի «ՊրոդԷքսպո» 25-րդ հոբելյանական ցուցահանդեսին:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, ր տարածաշրջանի խոշորագույն ամենամյա միջազգային այս ցուցահանդեսում հայկական ընկերությունները միասնական տաղավարով իրենց արտադրանքն են ներկայացնում արդեն երկրորդ անգամ:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը նշել է. «Գինու նվիրական երկիր Հայաստանն իր արտադրանքով բավականին մեծ պահանջարկ է վայելում ՌԴ շուկայում, որը մեր գինիների արտահանման հիմնական ուղղություններից մեկն է: Շնորհիվ տեղածին սորտերից պատրաստվող բարձրորակ առանձնահատուկ գինիների՝ Հիմնադրամը ընկերությունների հետ համատեղ նպատակ ունի առավել ամրապնդել եւ ընդլայնել իր դիրքերը ռուսաստանյան շուկայում: Բացի այդ, այս ցուցահանդեսը հիանալի հարթակ է միջազգային նոր շուկաներ մուտք գործելու համար»:

Հայկական տաղավարի նկատմամբ հետաքրքրությունն ու այցելուների հոսքը բավականին մեծ է:

Դրական եւ հեռանկարային գնահատելով ցուցահանդեսի մեկնարկը՝ գինեգործական ընկերություններն ակնկալում են համագործակցության նոր առաջարկներ եւ շահութաբեր պայմանագրեր:

Նախատեսված է գինու գնորդների, դիստրիբյուտորական ցանցերի ներկայացուցիչների այցելություն հայկական տաղավար:

Ընդհանուր առմամբ, ցուցահանդեսին մասնակցում են շուրջ 2200 ընկերություններ ավելի քան 62 երկրներից: Ակնկալվում է, որ ցուցահանդեսը կունենա մոտ 70.000 այցելու: