Հայաստանում եկամտահարկի փոփոխությունը չի կարող զգալի ազդեցություն ունենալ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բիզնես ակտիվության վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) համահիմնադիր Արթուր Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ այս փոփոխությունը չեն կարող ազդել ՏՏ ընկերությունների ֆինանսական վիճակի վրա՝ չնայած այն հանգամանքին, որ արտոնյալ հարկային պայմանները դրանց համար դադարել են գործել: «Չեմ կարծում, որ 5 տոկոսանոց փոփոխությունը կվնասի ընկերություններին»,- նշեց Արթուր Ալավերդյանը` հավելելով, որ Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում նույն հարկը եւս գերազանցում է 20 տոկոսը:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հայաստանի Հարկային օրենսգրքի համաձայն՝ եկամտահարկի սանդղակը փոխվել է: Նախկինում մինչեւ 120 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող աշխատողների համար եկամտահարկը 24,4 տոկոս էր կազմում: Այժմ մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացող ՀՀ քաղաքացիների համար եկամտահարկը 23 տոկոս է կազմում: Փոխարենը եկամտահարկն ավելացել է 150 հազար դրամից մինչեւ 2 միլիոն դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների համար՝ 26.6 տոկոսից՝ 28 տոկոս: Նրանց համար, ովքեր 2 մլն դրամից բարձր աշխատավարձ են ստանում, եկամտահարկը անփոփոխ է մնացել՝ 36 տոկոս:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ երկրում ամենաբարձր աշխատավարձը ստանում են տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի ոլորտի աշխատակիցները: 2017 թվականի տվյալներով՝ նրանց միջին ամսական աշխատավարձը 440 հազար դրամ է կազմել՝ 16.4 տոկոս տարեկան աճով: