Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 6-ին, 7 կողմ, 52 դեմ եւ 6 ձեռնպահ  ձայներով մերժեց ԱԺ օրակարգում ընդգրկել «Ելք» խմբակցության նախաձեռնությունը՝ Նիկոլ Փաշինյանի եւ Արտաշես Գեղամյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ էթիկայի ժամանակավոր  հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ մինչ այդ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել:

Իր խոսքում նախագծի հեղինակ, «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն ասաց. «ԱԺ պատգամավորի նկատմամբ տեղի է ունեցել ոտնձգություն: Մենք որպես քաղաքական մարմին պետք է ապահովենք իրավական պաշտպանության մեխանիզմը: Թեեւ այդ մեխանիզմը գրված է ԱԺ կանոնակարգում, բայց եթե չկարողանանք այն իրականացնել, դա կլինի տեսական: Եթե իրավական պաշտպանության մեխանիզմները չեն գործում, մարդիկ կարող են արդարացիորեն դիմել ինքնապաշտպանության: ԱԺ-ն պետք է հնարավորություն տա, որ այդ մեխանիզմը գործի: Մենք հնարավորություն ենք ստեղծել, որ հարցը քննարկվի: Եթե մենք չստեղծենք իրավական պաշտպանության արդյունավետ մեխանիզմ, ապա ԱԺ-ն կկորցնի իր վստահությունը»:

Նա կոչ արեց հարցը քվեարկությամբ մտցնել օրակարգ, ինչը բացառիկ կլինի ԱԺ պրակտիկայում, որ բացասական եզրակացություն ստացած նախագիծն ընդգրկվում է ԱԺ օրակարգում:

ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Մախմուդյանն էլ նշեց, որ իրենց համար ընդունելի չի եղել, որ նման հանձնաժողով ստեղծելու որոշման նախագծի վերնագրում մատնանշվի կոնկրետ անձանց անուններ, որոնք կարող են հետագայում ստեղծել կանխակալ վերաբերմունք: «Մեր առաջարկն էր՝ ստեղծել հանձնաժողով միջադեպի վերաբերյալ, որովհետեւ կամա, թե ակամա, գործ ունենք անմեղության կանխավարկածի հետ: Մեր առաջարկը «Ելք»-ի կողմից չի ընդունվել, որի պայմաններում հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն»:

Արդեն քվեարկությունից հետո «Ելք» խմբակցությունից Էդմոն Մարուքյանն ասաց. «Փաստորեն այս քվեարկությունից հետո կարող ենք արձանագրել, որ պատգամավորը կարող է հարձակվել մեկ այլ պատգամավորի վրա, եւ այդ հարձակումը քաղաքական հողի վրա է, այսինքն մարդկանց քաղաքական գործունեությունը կարող է հարվածի տակ դրվել այս շենքում: Այս քվեարկությունով դա խրախուսվում է: ՀՀԿ-ականները անպատժելիության մթնոլորտ են տարածքում նաեւ այս շենքում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում նախ վեճ է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Արտաշես Գեղամյանի միջեւ: Փաշինյանն իր ելույթում հիշատակել է Գեղամյանին՝ նշելով, որ նա Մուշ ու Արդահանը գրավելու փոխարեն ճիշտ կանի խոսի լենինիզմից ու կոմունիզմից՝ ակնարկելով Արտաշես Գեղամյանի կոմունիստական անցյալը: Տեղից Արտաշես Գեղամյանը բղավել է. «Չափդ մի կորցրու», ինչին Փաշինյանն արձագանքել է. «Այ քեզ բան, ես էսքան զահլա չունեմ, րոպես պահեք»:

Դրանից հետո վեճը շարունակվել է ԱԺ միջանցքում, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքի էջում գրել է. «Հենց նոր ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա։ Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով։ Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված եմ աշխատել այս պայմաններում»:

Գեղամյանը հերքել է, թե հարվածել է Փաշինյանին՝ նշելով. «Եթե ես բռունցքներով հարվածեի որեւէ մեկին, նրան կտեղափոխեին հիվանդանոց»: Ավելի ուշ նա ընդունել էր, որ եղել է միջադեպ: «Ելք» խմբակցությունը պաշտոնապես շրջանառության մեջ էր դրել ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը: Խմբակցությունը նշել էր, որ կարող է պահանջել նաև Գեղամյանին մանդատից զրկելու հարցը: