Ադրբեջանական ընդդիմությունն՝ ի դեմս Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի վճռել է ապրիլի 11-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրությունները բոյկոտել։

Contact.az-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր ուժը մտադիր է բողոքի ցույցեր կազմակերպել այս ընտրական քարոզարշավի դեմ։

Facebook-ի իր էջում ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին գրել է, որ հերթական նախագահական ընտրությունները նախատեսվում էին հոկտեմբերի 17-ին։ Այս մասին հայտարարվել էր երեք շաբաթ առաջ։  Այդ օրը (հոկտեմբերի 17-ը) նույնիսկ ոչ աշխատանքային օր էր հայտարարվել։ Իսկ այժմ հանկարծ արտահերթ ընտրություններ են հայտարարվում, ընդ որում՝ ընտրական քարոզարշավի մեկնարկից հինգ օր առաջ։ Այս ընթացքում երկրում ոչ մի արտակարգ իրադարձություն չի եղել, որով կարելի կլիներ պայմանավորել արտահերթ ընտրությունների անցկացումը։

«Մենք արտահերթ ընտրությունների նշանակումը դիտարկում ենք ընտրական ինստիտուտների, կամ դրա մնացորդների հանդեպ ծաղրանք»,-նշել է նա։

Նա նաեւ հիշեցրել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը նախորդ՝ 2013 թվականի ընտրությունների ժամանակ ընտրատարածքների 58 տոկոսում կեղծիք էր արձանագրել։

«Մենք դիմում ենք ժողովրդին իշխանությունների այս խաղին դիմակայելու համար՝ օգտագործելով բոլոր իրավական եւ քաղաքական միջոցները»,-նշում է  ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի  նախագահը։