Առաջին ընթերցման ժամանակ բուռն քննարկումների տեղիք տված «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծում կատարվել է միայն մեկ փոփոխություն՝ կառավարության առաջարկով:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է ոստիկանության ծառայողներին տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով արված տեսագրություններն օգտագործելու իրավունք տալուն՝ որն ուղղված է հանցագործությունները կանխելուն ու բացահայտելուն:

Օրինագիծը ԱԺ-ում ներկայացնող ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը նշեց. «Կառավարության կողմից մեկ առաջարկություն է եղել, նախատեսվել է, որ անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցները կարող են տեղադրվել նաեւ ՃՈ պետի որոշմամբ՝ հաշվի առնելով, որ դրանց կիրառման հիմնական նպատակներից է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովորումը: Նույն տրամաբանությամբ տեսանյութերի եւ լուսանկարների ոչնչացումը տարաժամկետելու որոշում կայացնելու իրավունքը բացի տարածքային մարմինների ղեկավարներից, վերապահվել է նաեւ ՃՈ պետին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ օրենքի նախագիծը նախատեսում է հանցագործությունը կանխելիս կամ բացահայտելիս հասարակական կարգի պահպանությունը, այդ թվում ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովելիս, ոստիկանության ծառայողներին իրավունք վերապահել օգտագործել տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ:

Ըստ այդմ, օրենքի մակարդակով կամրագրվեն տեխնիկական միջոցների ամրագրման հիմքերը, կարգը, տվյալների պահպանման ժամկետները, կապահովվի տեղեկությունների հավաքման եւ օգտագործման նպատակի լեգիտիմությունը. այսինքն կհաստակեցվեն մասնավոր կյանքի ոլորտ ոստիկանական միջամտության սահմանները: «Հաշվի առնելով տվյալների մշակման համաչափության սկզբունքը, նախագծում տվյալների պահպանման ժամկետ է ընտրվել 7 օրը, որից հետո դրանք պետք է ոչնչացվեն»,-նշել էր նա:

Այս օրինագիծը խիստ քննադատության ենթարկեցին «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունները՝ նշելով, որ սրանով հնարավորություն է ստեղծվում տեսանկարահանել իշխանության քաղաքական հակառակորդներին: