Փետրվարի 6-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝  Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արեւմուտք ընկած հատվածում։

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) եւ Օգնեն Յովիչը (Բոսնիա եւ Հերցեգովինա), ինչպես նաեւ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա)։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը եւ նրա դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա)։

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: