Հրապարակվել է աշխարհի առաջատար վերլուծական կենտրոնների 11-րդ վարկանշային The 2017 Global Go To Think Tank Index ցուցակը։

2006 թվականից ի վեր հրապարակվող ցուցակը նպատակաուղղված է երկրի կառավարման եւ քաղաքացիական հասարակության կյանքում վերլուծական կենտրոնների դերի գնահատմանը:

Համաձայն զեկույցի՝ վերլուծական կենտրոնների թվով առաջատար դիրքեր են զբաղեցնում ԱՄՆ-Ն, Չինաստանը եւ Միացյալ Թագավորությունը համապատասխանաբար 1872, 512 եւ 444 վերլուծական կենտրոններով։

Զեկույցում ներառվել են 17 հայաստանյան, Վրաստանի՝ 26 եւ  Ադրբեջանի՝ 15 վերլուծական կենտրոններ։

«Ասիայի լավագույն վերլուծական կենտրոններ» բաժնում, որոնց թվում են նաեւ հայաստանյան կենտրոնները,  նշվում է, որ դրանք մի շարք հարցերի շուրջ ծավալել են հետազոտական, վերլուծական եւ հասարակությանը ներգրավելու մեծ աշխատանք՝ նպաստելով  բանավեճի ծավալմանը, դերակատարների միջեւ համագործակցության հաստատմանը, հասարակական աջակցության ապահովմանը եւ կյանքի որակը այս երկրներում բարելավելուն։

Այսպես, հայաստանյան վերլուծական կենտրոններից ներառվել են՝ Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը,  «Առաջադեմ սոցիալական տեխնոլոգիաներ» կենտրոնը, Թուրփանջյան հասարակական ուսումնասիրությունների կենտրոնը, «Հայաստան 2020» կենտրոնը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, Կովկասյան ուսումնասիրությունների ռեսուրսային կենտրոնը, «Արմատ» ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնը եւ «ԱՄԲԵՐԴ» հետազոտական կենտրոնը։

«Կենտրոնական Ասիայի լավագույն գիտահետազոտական կազմակերպություններ» անվանակարգում ընդգրկվել են  հայաստանյան 9, ադրբեջանական 6 եւ վրացական 10 կազմակերպություն:

«Պաշտպանության եւ ազգային անվտանգության» ոլորտում գործող վերլուծական կենտրոնների անվանակարգում ընդգրկվել է հայաստանյան «Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը»։ Այս անվանակարգում Հարավային Կովկասից ընդգրկվել է նաեւ ադրբեջանական մեկ կազմակերպություն:

«Լավագույն հասարակական-քաղաքական կազմակերպություններ» անվանակարգում հայտնվել է հայաստանյան Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը։ Տարածաշրջանից ներառված է նաեւ ադրբեջանական կազմակերպություն՝ Տնտեսական եւ հասարակական զարգացման կենտրոնը, վրացական կազմակերպություն այս անվանակարգում չկա:

«Թափանցիկություն եւ լավ կառավարում» անվանակարգում այս տարի ներառված է հայաստանյան կազմակերպություններից «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը»:

«Լավագույն շահերի պաշտպանության արշավ» անվանակարգում Հայաստանից ընդգրկված է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության հետազոտության կենտրոնը, այստեղ կա 3 ադրբեջանական կազմակերպություն, վրացական կազմակերպություններ չկան:

Մեր տարածաշրջանում «Ամենաանկախ վերլուծական-հետազոտական կենտրոն»անվանակարգում ներառվել է Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբը։ Նշենք, որ Ադրբեջանից այս ցուցակում ներառվել է Տնտեսական եւ հասարակական զարգացման հետազոտությունների կենտրոնը, իսկ Վրաստանից կազմակերպություն չկա:

Նշենք, նախորդ տարի Հայաստանից եւ Վրաստանից վարկանշային ցուցակում ներառված էին 14, իսկ Ադրբեջանից՝ 13 վերլուծական կենտրոններ։

Համեմատելով ցուցանիշները՝ կարող ենք ասել, որ Հարավային կովկասի երեք երկրներում 2017 թվականին նկատվել են վերլուծական կենտրոնների աճ։ Այսպես, նախորդ տարիների համեմատ, Հայաստանում այդ կենտրոններն աճել են 3-ով, Ադրբեջանի պարագայում՝  2-ով եւ Վրաստանի դեպքում միանգամից 12-ով։