Հայաստանի Ջրային տնտեսության պետական կոմիտեն 2017 թվականին կատարել է ջրամատակարարման դիմաց վճարումների ռեկորդային հավաքագրում: Այս մասին փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետկոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:

Նա նշեց, որ անցյալ տարի վճարումների հավաքագրումը  մեկամյա վաղեմության ցուցանիշը գերազանցել է 380 մլն դրամով կամ 11 տոկոսով՝ հասնելով 4.150 մլրդ դրամի:

«Սա հաջողվել է 8930 հա ընդհանուր մակերեսով ոռոգվող հողամասերում ապօրինի ջրօգտագործման հայտնաբերման շնորհիվ, ինչի հետեւանքով մեծացել է գրանցված ոռոգվող տարածքների մակերեսը՝ 2017-ի սկզբի 88540 հա-ից տարեվերջին հասնելով մինչեւ 97470 հա-ի»,- ասաց Արսեն Հարությունյանը:

Նրա խոսքով՝ այս ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն նաեւ 2018-ին, մասնավորապես՝ Կոմիտեն դիմել է Պաշտպանության նախարարությանը, որպեսզի դրոններ գործարկեն օդից ոռոգվող հողամասերը գրանցելու համար:

«Չնայած տեղումների եւ ջրամբարներում ջրահավաքի փոքր քանակությանը, մեզ հաջողվել է ջրամատակարարման ծավալը 28 տոկոսով մեծացնել՝ 2016-ի 454 մլն խոր.մետրից 2017-ին մինչեւ 585 մլն խոր.մետրի»,- նշեց նա: