Հայաստանում ոռոգվող հողերի տերերը լրացուցիչ չեն վճարի ջրի գերնորմատիվային ծախսերի դիմաց: Այս մասին փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ջրամատակարարման համակարգի այս բաժանորդները կվճարեն նույնքան, որքան վճարում են հողամասերի տերերը, որոնք բերքի միեւնույն ծավալի աճեցման համար ջրի գերնորմատիվային ծախսեր չեն պահանջում:

«Սա անհրաժեշտ է այս հողերի մրցունակությունն ապահովելու համար՝ հարեւան ոռոգվող տարածքների համեմատութամբ»,- նշեց Արսեն Հարությունյանը:

Նա հայտնեց, որ բաժանորդավճարի հաշվարկից հանված ընդհանուր գումարը 2017-ին կազմել է 800 մլն դրամ: Այս պահին Հայաստանի 70 համայնքներում գրանցված է 21 հազար հա գերնորմատիվային ոռոգվող տարածք: