Բարձր տեխնոլոգիաները դառնում են համաշխարհային տնտեսության հիմնական դրայվերը: IDC-ի կանխատեսումներով՝  առաջիկա 4 տարիներին աշխարհում ընկերությունները թվային փոխակերպումների համար 7 տրլն դոլար կծախսեն: Ընկերության տեղեկություններով՝ 2017 թվականին թվայնացման նպատակով ծախսվել է 1,2 տրլն դոլար, իսկ 2019-ին այս թվերը 50 տոկոսով կմեծանան՝ հասնելով մինչեւ 1,9 տրլն-ի:  

Շեֆ, մեզ բացահայտել են

Թվային փոխակերպումը ոչ միշտ է լավ: Վերջերս սպորտային Strava թրեքերը ջերմային քարտեզ է հրապարակել, որի վրա կարելի է տեսնել, թե որտեղ են ավելի շատ սպորտային մարզումներով զբաղվում: Պարզվել է, որ դա ոչ թե սոսկ զվարճալի զբաղմունք է, եւ քարտեզի վրա կարելի է տեսնել, թե քո քաղաքի որ փողոցներում են առավոտյան ավելի շատ մարդիկ մարզվում: Ուշադիր հետազոտելու դեպքում պարզվել է, որ կարելի է հայտնաբերել, օրինակ, Իրաքի կամ Սիրիայի տարածքում ամերիկյան գաղտնի ռազմական օբյեկտները, քանի որ զինծառայողներն իրենց մարզումներով անապատում ակտիվորեն նշումներ էին թողնում:

Սիրիայում ինչ-որ տեղ գաղտնի ռազմական օբյեկտ կա (կոորդինատները ջնջվել են) 

Որտեղ ասես կարող են վտանգներ դարանակալել: Այսպես՝ հունվարի 30-ին Google-ը հրապարակել էր բավականին սարսափազդու վիճակագրություն՝ 2017 թվականին Google Play-ից հեռացվել է 700 հազար հավելված, որոնք, այսպես թե այնպես, կանոնները խախտել են՝ 70 տոկոսով ավելի շատ, քան 2016 թվականին: Վիճակագրության տվյալներով՝ հավելվածների 99 տոկոսը հեռացվել է դեռեւս մինչեւ այն, երբ որեւէ մեկը կկարողանար դրանցից օգտվել: Սակայն մնում է այն 1 տոկոսը, որը ո՛չ շատ է, ո՛չ քիչ, քանի որ 7 հազար հավելվածները մինչեւ հեռացվելը կարող էին ինչ-որ մեկին վնաս հասցնել՝ անհատական տվյալներ գողանալ, մարդկանցից փող թռցնել եւ այլն

«Ֆեյսբուքը» կրկին ալգորիթմ է փոխում

Վերջին փոփոխությունները, որոնք սոցցանցի ղեկավարությունը կյանքի է կոչում, եւ որոնք կարելի է հեղափոխական անվանել, չափազանց մտահոգում են կոնտենտ արտադրողներին: Տարեսկզբին Մարկ Ցուկերբերգը հայտնեց, որ սոցցանցի լրահոսը ձեւավորող ալգորիթմում օգտատերերի համար ավելի շատ կլինեն ընկերների եւ ազգականների գրառումները ու ավելի քիչ՝ ապրանքանիշների էջերի եւ լրատվական պորտալների գրառումները: Մեկ շաբաթ հետո մեզ հասկացրեցին, որ մենք նորություններն, այնուամենայնիվ, կկարողանանք տեսնել նյուզֆիդում, սակայն միայն այն կայքերի, որոնք, «Ֆեյսբուքի» կարծիքով, որակյալ կոնտենտ են տրամադրում: Մեծ հարցական է, թե արհեստական ինտելեկտը եւ սոցցանցի աշխատակիցները որքանով լուրջ կարող են ճիշտ մշակել միանգամայն տարբեր մշակույթների եւ հանրույթների համար կոնտենտի որակյալությունը որոշելու մոտեցումները: Նորամուծության արդյունքները մենք արդեն մասամբ տեսել ենք, քանի որ ցուցադրությունների կրճատումն աստիճանաբար սկսել է դեռեւս անցյալ տարվա աշնանից, սակայն, ըստ ամենայնի, լրատվական կայքերի եւ բիզնեսների համար վատթարագույնը դեռեւս առջեւում է: Միեւնույն ժամանակ, արդեն նաեւ կոնկրետ լրահոսերին առնչվող փոփոխություններ են սպասվում. «Ֆեյսբուքը» պատրաստվում է մեծացնել տեղական նորությունների մասնաբաժինը: Սա դեռեւս նորություն է ԱՄՆ բնակիչների համար, ինչպես եւ մյուս բոլոր համանման լուրջ փոփոխությունները, որ հաջորդաբար կկատարվեն եւ Հայաստանին կառնչվեն էականորեն ավելի ուշ: Այս փոփոխությունը, հնարավոր է, լավ հետեւանքներ չունենա մեծ սփյուռք ունեցող ժողովուրդների համար՝ հայկական լրատվամիջոցների ընթերցողները հաճախ այլ երկրներում բնակվող հայերն են: Համապատասխանաբար այս փոփոխությունները կարող են լրջորեն եւ բացասաբար ազդել Հայաստանի հետ սփյուռքի համայնքների կապի վրա:

Ֆեյքերը դարձյալ օրվա թեման են

Հայաստանում եւ ընդհանրապես հետխորհրդային տարածքում ֆեյք բաժանորդների, լայքերի հավաքումը վաղուց ի վեր հանրության կողմից ընդունված եւ առաձնապես ոչ պարսավելի զբաղմունք է: Մեծ թվով հայտնիներ պտտեցնում են իրենց հոլովակների դիտումները, լայքեր գնում դրանց համար, «Ինսթագրամում» արհեստականորեն մեծացնում են ընթերցողների թիվը եւ էլի շատ բաներ: Պարզվում է՝ հեռավոր Ամերիկայում եւս այս մեղքից անմասն չեն: The New York Times-ի սկանդալային հետաքննության համաձայն՝ քաղաքական գործիչները, դերասանները, փոփ աստղերը միայն մեկ հայտնի Devumi ընկերությունից ահռելի քանակությամբ ըներցողներ եւ ռեթվիթներ են գնել: Ընկերությունը ֆեյք հաշիվների բանակ է ստեղծում՝ գողանալով սոցցանցերի ոչինչ չկասկածող օգտատերերի նույնականությունը, ստեղծում է նրանց կլոններին՝ անունների ոչ մեծ, աննշան տարբերություններով եւ ֆեյքը, փաստորեն, վարձով է տալիս հայտնի անձանց: Ընկերության հաճախորդների թվում են ե՛ւ ընկերություններ, ե՛ւ հայտնի դերասան Ջոն Լեգուիզամոն, ե՛ւ չինական պետական «Սինհուա» գործակալության գլխավոր խմբագիրը, ե՛ւ Էկվադորի նախագահի խորհրդական Լենին Մորենոն եւ շատ այլ հայտնի դեմքեր:

Ընդհանրապես ֆեյքերի, ֆեյք նորությունների թեման այսօր այնքան արդիական է, որ նույնիսկ Հռոմի պապն է հունվարի 24-ին՝ Հաղորդակցության միջազգային օրը, ֆեյք նորությունների վնասի մասին ուղերձով դիմել՝ առաջին ֆեյք որակելով Դրախտի այգում Ադամի եւ Եվայի հետ Օձի չարամիտ մանիպուլյացիաները:

Կրիպտոարժույթ. շուկաները դողէրոցքի մեջ են

Կրիպտոարժույթի շուկան շարունակում է դողէրոցքի ենթարկվել: Ճապոնիայի խոշորագույն կրիպտոարժույթի բորսաներից մեկը՝ Coincheck-ը, հաքերային հարձակման հետեւանքով NEM կրիպտոարժույթով 500 մլն միավոր (մոտ 400 մլն դոլար) է կորցրել: Հաքերները գրեթե նույնքան էլ հափշտակել են այլ խողովակներով. միջոցների մոտ 10 տոկոսը, որոնք ներգրավել էին կրիպտոարժույթներ թոքենների առաջնային տեղաբաշխման կազմակերպիչները (Initial Coin Offering, ICO), հափշտակվել են հաքերային հարձակումներով: Վերլուծելով 372 ICO-ի մասին տվյալները՝ EY-ի փորձագետները պարզել են, որ կրիպտոարժույթներ թողարկող կազմակերպիչների ներգրաված 3,7 մլրդ դոլարից 400 մլն-ը հափշտակվել է: Ըստ որում՝ այս միջոցների գողության համար հաքերներն ավելի ակտիվորեն են օգտագործել ֆիշինգը, որի օգնությամբ նրանց հաջողվել է այս կամ այն ICO կազմակերպիչներից հափշտակել ամսական մինչեւ 1,5 մլն դոլար:

Չնայած հունվարի ընթացքում կրիպտոարժույթի գնանկմանը եւ պետական այրերի ու խոշոր ֆինանսիստների ահարկու կանխատեսումներին, դրանց նկատմամբ հետաքրքրությունը չի նվազում: Samsung-ում հաստատել են, որ ընկերությունը ներքաշվում է մայնինգի մեջ եւ սկսում է դրա համար սոցիալական չիպերի արտադրությունը՝ ASIC  (Application-Specific Integrated Circuits):

Ընդհանուր առմամբ, կրիպտոարժույթների մոլուցքը հանգեցրել է տեսաքարտերի գների միքանիանգամյա թռիչքի, որոնք հիմնականում օգտագործվում են մայնինգի համար: Եթե դեռեւս անցյալ տարի քարտերի գները տատանվում էին 200-300 դոլարի սահմաններում, ապա հիմա դժվար է գտնել նույնիսկ 600-ով: Սա գեյմերների իրավունքների ոտնահարում է, որոնց համար էլ հենց նախապես ստեղծվել են առաջմղված տեսաքարտերը: Հաշվի առնելով, որ Չինաստանում սկսում են տոնել Նոր տարին, եւ առեւտուրն ամբողջությամբ ոտքի կկանգնի, մայնինգի համար գործիքակազմի դեֆիցիտը կարող է շուկայում էլ ավելի մեծ իրարանցում առաջացնել:

Տիեզերքն ավելի է մոտենում

Տարին սկսվում է տիեզերքի մասին հետաքրքիր նորություններով: Այսպես՝ ամերիկյան Rocket Lab ընկերությունը հունվարի 21-ին նորզելանդական կղզուց Electron հրթիռակրի հաջող արձակում է կատարել: Սա դեռեւս առաջին հաջող արձակումն է եւ դեռեւս փորձնական է եղել: Սակայն այստեղ միանգամից մի քանի ինտրիգային պահ կա: Rocket Lab-ը մասնավոր ընկերություն է: Արձակումը կատարվել է մասնավոր տիեզերակայանից, որը մինչ այդ հասարակ ֆերմա էր: Հրթիռն ինքնին փոքր հզորություն ունի, սակայն կարող է ուղեծիր դուրս բերել 250 կգ բեռ, այսինքն՝ մի քանի նանոարբանյակներ: Եվ ամենագլխավորը՝ մեկ արձակումն արժե ընդամենը 6 մլն դոլար, բաղադրիչների մի մասը պարզապես տպագրված է 3D պրինտերով: Այս բոլոր գործոնները միասին բացահայտում են տիեզերքի նվաճման նոր նշաձող: Սակայն կան նաեւ մտահոգություններ՝ տիեզերական բաղադրիչների համանման զարգացումն ունի նաեւ իր մութ կողմը. փաստորեն, սա նշանակում է գերէժան զանգվածային խոցման զենք կրողների ստեղծման հնարավորություն, որոնք առաջիկա տարիներին կարող են ում ձեռքում ասես հայտնվել:

Թռիչքի տեսանյութը. արժի կառուցել

Այն ժամանակ, երբ գերթեթեւ հրթիռի թռիչքն արդեն իրագործվել էր, փետրվարի 6-ին գերծանր հրթիռը «Թվիթերում» ներկայացրեց Իլոն Մասկը. SpaceX ընկերության Falcon Heavy գերծանր հրթիռի անշարժ հրե փորձարկումն անցկացվել է հունվարի 24-ին: Ըստ հաշվարկների՝ Falcon Heavy-ն կարող է 63,8 տոննա բեռ բարձրացնել հենակետային ցածր ուղեծիր, մինչեւ 26,7 տոննա՝ երկրաանցումային ուղեծիր եւ կարող է մինչեւ 16,8 տոննա հասցնել մինչեւ Մարս:

Ի դեպ, տիեզերական թեմաներով գովազդով Իլոն Մասկն իր «Թվիթերի» միջոցով վաճառել է 15 հազար հրանետեր զոմբի-ապոկալպսիսի դեպքի համար:

Սամվել Մարտիրոսյան