«Արփա-Սեւան» հիդրոթունելը կբացվի 2019 թվականի ապրիլ-մայիս ամիսներին: Այս մասին փետրվարի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: Նրա խոսքով՝ 2019 թվականին թունելի վերանորոգումը ամբողջությամբ կավարտվի:

«Այժմ թունելն աշխատում է ընդմիջումներով եւ տարեկան կտրվածքով Սեւանի համար 100-110 միլիոն խորանարդ մետր ջուր է մատակարարում: Բացումից հետո թունելի միջոցով ջրի բացթողումը տարեկան 200-250 միլիոն խորանարդ մետր կկազմի»,- տեղեկացրեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարը:

Հիշեցնենք, որ Արփա-Սեւան թունելի վերականգնումը սկսվել է 2010 թվականի սեպտեմբերին: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Արփա-Սեւան» հայկական ընկերությունը: Թունելի վերանորոգման համար ընդհանուր առմամբ 11.8 մլրդ դրամ է հատկացվել: Հիդրոթունելի շինարարությունը սկսվել է 1960-ականներին: Թունելը սկսվում է Արփե գետի վրա կառուցված Կեչուտ ջրամբարի մոտից եւ հոսում է Արծվանիստ գյուղի մոտ գտնվող լիճը: Երկարությունը 48.3 կմ է:

Թունելի վերանորոգումը հնարավորություն կստեղծի Սեւանա լիճ կանոնավոր կերպով ջուր մատակարարելու եւ լճի՝ ավելի քան 20 սանտիմետրով մակարդակի բարձրացումն ապահովելու համար: