ՀՀ ԲՆ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. հունվարի 29-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաեւ եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել եւ արձանագրվել է թվով 13 իրավախախտում, 4-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն եւ նշանակվել 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետեւանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 764.660 ՀՀ դրամ:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 7 դեպք:

Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 764.660 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝    

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 հաճարենի) հաշվարկվել է 487.500 ՀՀ դրամի չափով, որի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։ Վառելափայտի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (5.3 խմ վառելափայտ) հաշվարկվել է 76.260 ՀՀ դրամի չափով:

Լոռի՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 թխկի) հաշվարկվել է 20.300 ՀՀ դրամի չափով, վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (3,85 խմ վառելափայտ) հաշվարկվել է 138.600 ՀՀ դրամի չափով:

Վայոց Ձոր՝ շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ արմատախիլ արված ծառերի 1 դեպքով (14 ուռենի) հաշվարկվել է 42.000 ՀՀ դրամի չափով:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք:

Գեղարքունիք՝ ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է 30 հատ՝ 15 կգ սիգ տեսակի ձուկ, հանձնվել է Սեւանի N 1 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ) եւ խեցգետնի ապօրինի որսի 1 դեպք, որի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում:

Մթնոլորտային օդի եւ ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման եւ պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 3 դեպք:

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, որից

Երեւան՝ առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով։

Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի ավազի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով։

Արագածոտն՝ առանց անթափանց ծածկոցի ավազի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով։

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում.

Արագածոտն՝ 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 746.860 ՀՀ դրամ: