Դեռեւս հունվարից բնապահպաններն ահազանգում են, որ Թեղուտի պոչամբարի ամբարտակն ունի ճաքեր, եւ ջրերը լցվում են Դեբեդ գետը. այս խնդիրը քողարկվում է, հնարավորություն չի տրվում մոտենալ տարածքին ու ծանոթանալ իրավիճակին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Նրա խոսքով, փոխարենը Թեղուտի հանքավայրը շահագործող «Վալեքս» խմբի ընկերությունների խումբը հայտարարեց, որ օգտակար հանածոների արդյունահանման ծավալների ավելացմամբ պայմանավորված, դադարեցնում են Թեղուտի հանքավայրի շահագործումը:

«Նշվում է նաեւ, որ ներկայիս արտադրական ծավալներով չի կարողանում սպասարկել իր ունեցած վարկային պարտավորությունները եւ հավելյալ արդյունք ձեւավորել, այդպիսիով լուծում է մոտ 1200 աշխատակիցների պայմանագրերը: Ստացվում է, որ բնությանը եւ այդքան մարդկանց վնաս հասցնելով, ընկերությունը չի կարողանում լուծել իր առջեւ դրված խնդիրները: Այն ակնհայտորեն նպատակ ունի քողարկելու պոչամբարի ամբարտակի ճաքերի մասին իրողությունը: Սրա վառ վկայությունն է հայտարարության այն մասը, որ ընկերությունն անցնում է իր տարածքի եւ գույքի պահպանման առավել խստացված ռեժիմի եւ այդ նպատակով ներգրավում է պահնորդական ծառայություն»,-ընդգծեց Թանդիլյանը:

Նա հայտարարեց, որ հերթական անգամ գործ ունենք ներդրումների անվերահսկելիության հետ, երբ պետության կողմից մասնավորին տրվում է հանրային բարիք, իսկ մասնավորը չկատարելով իր ներդրումային պարտավորությունները, մի բան էլ վնաս է տալիս պետությանը. «Պետք է օրենսդրորեն ամրագրել ներդրողի կողմից ներդրողի չկատարման երաշխիքները, որը գոնե հնարավորություն կտա փոխհատուցել պետության կրած վնասները»,-ասաց պատգամավորը՝ կոչ անելով պատկան մարմիններին տեղեկատվություն տրամադրել այս մտահոգությունների վերաբերյալ:

«Թեղուտ» ՓԲ կրճատում է աշխատողներին եւ ժամանակավորապես դադարեցնում հանքի շահագործումը